Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են Պակիստանի միջնորդությամբ, սակայն Իրանի իրավունքը՝ ուրանի հարստացման հարցում, սակարկման ենթակա չէ։
Շաբաթական մամուլի ասուլիսի ընթացքում Բաղային նշել է, որ ուրանի հարստացման թեման վերջին երկու տարիներին բազմիցս քննարկվել է, սակայն Թեհրանը մշտապես ընդգծել է, որ այդ հարցում վերանայման հիմքեր չկան։
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը շարունակվում է․ Իրանը ներկայացրել է իր «14 կետանոց ծրագիրը», որից հետո ամերիկյան կողմը հայտնել է իր մտահոգությունները, իսկ Թեհրանը կրկին ներկայացրել է իր դիրքորոշումները։
Բաղային հայտնել է, որ Իրանը Պակիստանի միջնորդների միջոցով ստացել է վերանայված առաջարկների փաթեթ, իսկ երկու օր առաջ Թեհրանն իր հերթին փոխանցել է իր պատասխան դիրքորոշումը։
«Իրանի՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով նախատեսված ուրանի հարստացման իրավունքը ճանաչված է և որևէ այլ կողմի հաստատման կարիքը չունի»,- հայտարարել է նա։
Խոսնակը նաև արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Իրանը կարող է 20 տարով դադարեցնել ուրանի հարստացումը։ Բաղային նշել է, որ Թեհրանի առաջնահերթությունը ներկայում պատերազմը դադարեցնելն է, սակայն Իրանը երբեք չի հրաժարվի իր միջուկային իրավունքներից։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն տնտեսական ճնշումները օգտագործում է որպես գործիք, սակայն արդեն հասկացել է, որ սպառնալիքներն ու ճնշումները չեն կարող ստիպել Իրանին հրաժարվել իր ժողովրդի իրավունքներից։
Անդրադառնալով հնարավոր ռազմական սրացմանը՝ Բաղային հայտարարել է, որ Իրանի դիվանագիտությունը «խելացի և լուրջ» է, սակայն երկիրը լիովին պատրաստ է ցանկացած սցենարի։
«Իրանը ամբողջ ուժով կպաշտպանի իրեն ցանկացած անխոհեմ քայլի դեպքում, իսկ Իրանի զինված ուժերը կունենան անակնկալներ»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Անի Վարդանյան






























