Armenian text to speach

Մերցը առաջարկել է Ուկրաինային ԵՄ-ում «ասոցացված անդամի» կարգավիճակ տալ՝ առանց քվեարկության իրավունքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը առաջարկել է Ուկրաինային տրամադրել Եվրամիության «ասոցացված անդամի» կարգավիճակ՝ առանց քվեարկության իրավունքի, մինչև երկիրը կանցնի լիարժեք անդամակցության երկար գործընթացը։ Այդ մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով ԵՄ ղեկավարներին ուղղված Մերցի նամակին։

Առաջարկի համաձայն՝ Ուկրաինայի նախագահը կկարողանա մասնակցել Եվրամիության գագաթնաժողովներին, սակայն չի ունենա քվեարկելու իրավունք։ Բացի այդ, Կիևը ներկայացուցիչ կունենա Եվրահանձնաժողովում, ինչպես նաև ոչ քվեարկող անդամներ՝ Եվրախորհրդարանում։

Մերցի նախաձեռնությամբ նախատեսվում է նաև, որ Ուկրաինայի վրա կտարածվի ԵՄ փոխադարձ աջակցության դրույթը, և երկիրը կկարողանա օգտվել եվրոպական բյուջեի որոշ ծրագրերից։

Գերմանիայի կանցլերը նամակում նշել է, որ Ուկրաինայի լիարժեք անդամակցությունը մոտ ապագայում դժվար է իրականացնել՝ բազմաթիվ քաղաքական և իրավական խոչընդոտների պատճառով։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է քաղաքական լուծում, որը Կիևին անմիջապես ավելի կմոտեցնի ԵՄ հիմնական կառույցներին։

Ուկրաինան շարունակում է արագացնել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը՝ Ռուսաստանի դեմ պատերազմի ֆոնին։ Մինչ այժմ Կիևի առաջընթացը խոչընդոտվում էր Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի դիրքորոշմամբ, սակայն նրա հեռանալուց հետո ԵՄ-ում հույսեր են առաջացել, որ բանակցությունները կարող են ակտիվանալ։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ Մերցի առաջարկը կարող է վերապահումներ առաջացնել ինչպես ԵՄ որոշ անդամ երկրների, այնպես էլ հենց Ուկրաինայի մոտ, քանի որ Կիևը մտավախություն ունի, որ միջանկյալ կարգավիճակը կարող է երկարաժամկետ լուծում դառնալ և հետաձգել լիարժեք անդամակցությունը։

Մերցը, սակայն, ընդգծել է, որ շարունակում է աջակցել Ուկրաինայի լիարժեք անդամակցությանը և կոչ է արել անհապաղ սկսել անդամակցության բանակցությունների բոլոր փուլերը։

Անի Վարդանյան




Լրահոս