Armenian text to speach

Ո՞ր կուսակցություններն են խոստանում պայքարել կոռուպցիայի դեմ․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի նոր զեկույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» հրապարակել է նոր տեղեկանք, որտեղ ներկայացված է ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի հակակոռուպցիոն բաղադրիչի համապարփակ վերլուծությունը։

ArmLur.am- պարզել է, որ փաստաթղթում նշվում է, որ ուսումնասիրության հիմքում դրվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախընտրական ծրագրերը։ 2026 թվականի մայիսի 21-ի դրությամբ՝ 19 քաղաքական ուժերից միայն 10-ն ունեն հրապարակված նախընտրական ծրագիր, իսկ դրանցից 8-ն են ներառել կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող դրույթներ։

Ըստ կենտրոնի գնահատման՝ քաղաքական ուժերի մոտեցումները հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ զգալիորեն տարբերվում են․ մի մասը սահմանափակվում է ընդհանուր և հռչակագրային ձևակերպումներով, մինչդեռ մյուսները ներկայացնում են համեմատաբար ավելի համակարգային մոտեցումներ՝ ներառելով պետական կառավարման թափանցիկություն, թվայնացում, դատական համակարգի բարեփոխումներ և վերահսկողական մեխանիզմների ուժեղացում։

Տեղեկանքի կարևոր շեշտադրումներից մեկը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի հարցին, որը, ըստ ուսումնասիրության, գրեթե բացակայում է քաղաքական ուժերի ծրագրերում։ Այս ուղղությամբ հստակ հանձնառություն ներկայացրել է միայն մեկ քաղաքական ուժ, մինչդեռ մյուսների ծրագրերում այն կամ բացակայում է, կամ չի մանրամասնվում։

Հակակոռուպցիոն դրույթներ ներառած ուժերի թվում են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրեսը», «Հանրապետություն» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբումը», «Ազգային-ժողովրդավարական բևեռը», «Միասնության թևեր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» դաշինքը։

Տեղեկանքը մանրամասնում է նաև յուրաքանչյուր ուժի մոտեցումները․ օրինակ՝ որոշ ծրագրերում շեշտադրվում են թվային գործիքների կիրառությունը և պետական գնումների համակարգի թափանցիկացումը, մյուսներում՝ անցումային արդարադատության կամ համակարգային բարեփոխումների գաղափարներ, սակայն հաճախ առանց հստակ մեխանիզմների։

Միաժամանակ արձանագրվում է, որ մի շարք կուսակցություններ ընդհանրապես չեն հրապարակել նախընտրական ծրագիր, իսկ որոշների ծրագրերում կոռուպցիայի թեման չի ընդգրկվել։

Մասնավորապես՝ Ռեֆորմիստների կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հրապարակված նախընտրական ծրագրերը չեն անդրադառնում կոռուպցիային առնչվող հարցերին։

Հետևյալ 9 կուսակցություններն առհասարակ չեն ներկայացրել նախընտրական ծրագիր

  • «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը
  • Հայաստանի շնորհապետական կուսակցությունը
  • «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը
  • «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը
  • Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը
  • «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը
  • «Հայաստան» կուսակցությունների դաշինքը
  • «Հանուն հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

Փաստաթղթի վերջում նշվում է, որ հակակոռուպցիոն խոստումների և դրանց կոնկրետացման մակարդակի տարբերությունները թույլ են տալիս արձանագրել քաղաքական ուժերի մոտեցումների անհամաչափություն՝ թե՛ բովանդակային, թե՛ ինստիտուցիոնալ մակարդակներում։

Անի Վարդանյան




Լրահոս