Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցել է Ֆրանսիայի գաղութներում ստրկությունը կարգավորող պատմական օրենքների խորհրդանշական չեղարկմանը՝ հայտարարելով, որ դրանց շարունակական գոյությունը «վիրավորանք է Հանրապետության համար»։ Այս մասին նա հայտարարել է ստրկությունն ու ստրկավաճառությունը մարդկության դեմ հանցագործություն ճանաչելու մասին օրենքի ընդունման 25-ամյակի միջոցառման ժամանակ։
Մակրոնը նաև կրկին օրակարգ է բերել փոխհատուցումների թեման, սակայն զգուշացրել է «կեղծ խոստումներ» չտալ։ Նրա խոսքով՝ ստրկության հետևանքների հարցը պետք է քննարկվի, բայց անհնար է ամբողջությամբ փոխհատուցել այդ հանցագործությունը։
«Մենք երբեք չենք կարող ամբողջությամբ վերականգնել այդ հանցագործության հետևանքները, որովհետև դա անհնար է։ Հնարավոր չէ մի օր թիվ նշել կամ բառեր գտնել, որոնք կփակեն այս պատմությունը»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայում ստրկությունը վերացվել է ավելի քան մեկ դար առաջ, սակայն 17-18-րդ դարերի թագավորական հրամանագրերը, որոնք սահմանում էին ստրուկների իրավական կարգավիճակը գաղութներում, երբեք պաշտոնապես չեն չեղարկվել։ Խոսքը, մասնավորապես, «Սև օրենսգրքի» («Code Noir») մասին է, որը կարգավորում էր ստրկության համակարգը ֆրանսիական գաղութներում։
Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այդ փաստաթղթերի գոյությունը «դավաճանություն է այն արժեքներին, որոնց վրա հիմնված է Ֆրանսիայի Հանրապետությունը», և կոչ է արել կառավարությանը զբաղվել «Սև օրենսգրքի» չեղարկման մասին օրինագծով։ Օրինագիծն արդեն հավանության է արժանացել Ֆրանսիայի Ազգային ժողովի իրավական հանձնաժողովում և այժմ պետք է քննարկվի խորհրդարանի երկու պալատներում։
Ֆրանսիան 2001 թվականին դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը ստրկությունն ու ստրկավաճառությունը ճանաչեց «մարդկության դեմ հանցագործություն», սակայն այդ ժամանակ փոխհատուցումների հարց չէր նախատեսվել։
Ֆրանսիայում վերջին տարիներին ակտիվացել են քննարկումները՝ կապված ստրկության պատմական ժառանգության և դրա հետևանքների հետ։ Իրավապաշտպաններն ու փորձագետները պարբերաբար մատնանշում են երկրում առկա խորքային ռասայական խնդիրներն ու խտրականության դրսևորումները։
Պատմաբանների տվյալներով՝ ֆրանսիացիները Եվրոպայում ստրկավաճառությամբ զբաղվող երրորդ խոշոր ուժն էին՝ բրիտանացիներից և պորտուգալացիներից հետո։ Ստրկությունը առաջին անգամ վերացվել էր 1794 թվականին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, սակայն Նապոլեոն Բոնապարտը 1802 թվականին զորքեր էր ուղարկել Կարիբյան Գվադելուպե կղզի՝ այն վերականգնելու նպատակով։ Վերջնականապես ստրկությունը Ֆրանսիայում վերացվել է 1848 թվականին։
Անի Վարդանյան
Լուսանկարը գեներացված է արհեստական բանականությամբ․






























