Հանրային-քաղաքական դաշտում վերջին օրերին ակտիվ քննարկումների առիթ է դարձել այն, որ Google Maps հարթակում փոփոխվել են Հայաստանի տարածքում գտնվող նախկին ադրբեջանական անկլավների անվանումները։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող նախկին Քյարքի գյուղին, որը 1990 թվականից գտնվում է հայկական վերահսկողության տակ և հայտնի է Տիգրանաշեն անունով։ Սակայն Google Maps-ում այժմ կիրառվում է միայն «Kyarki» անվանումը, իսկ «Տիգրանաշեն» տարբերակը այլևս չի երևում։
Նման փոփոխություններ են արձանագրվել նաև մյուս նախկին անկլավների դեպքում։ Վերին Ոսկեպարը, որը խորհրդային քարտեզներում նշվում էր ադրբեջաներեն «Յուխարը Ասկիպարա» անվամբ, Google Maps-ում ներկայում ներկայացված է լատինատառ «Verin Voskepar» տարբերակով՝ առանց հայերեն կամ ադրբեջաներեն անվանման։ Իսկ Սոֆուլու-Բարխուդարլին քարտեզում նշված է ադրբեջաներեն տարբերակով։
Միևնույն ժամանակ, հայկական Արծվաշենը քարտեզում շարունակում է պահպանվել հայերեն անվանմամբ։
Այս փոփոխությունները նոր քննարկումների տեղիք են տվել հատկապես այն ֆոնին, երբ վերջին շրջանում հաճախ են հնչում հայտարարություններ, թե սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում կարող է քննարկվել անկլավների փոխանակման տարբերակը։ Այդ մասին տարբեր ձևակերպումներով խոսել են նաև իշխանական շրջանակների ներկայացուցիչներ։
Վերլուծաբանների մի մասի գնահատմամբ՝ հնարավոր նման զարգացումները կարող են լուրջ ենթակառուցվածքային և անվտանգային խնդիրներ առաջացնել։ Մասնավորապես, Տիգրանաշենի հանձնման դեպքում Հայաստանը կարող է Վայոց ձորի, Սյունիքի և Իրանի ուղղությամբ ստիպված լինել օգտվել շրջանցիկ Վեդի–Լանջառ ճանապարհից։ Բացի այդ, կարող է առաջանալ նոր ճանապարհների կառուցման անհրաժեշտություն՝ Ազատամուտ–Կայան–Այգեհովիտ հատվածում։
Ինչ վերաբերում է Վերին Ոսկեպարին, մասնագետները նշում են, որ Իջևան–Նոյեմբերյան գործող ճանապարհը շարունակում է մնալ ՀՀ տարածքում, սակայն եթե ադրբեջանական կողմը վերադառնա նախկին անկլավ, ապա անհրաժեշտ կլինի ապահովել հաղորդակցության ճանապարհ։
Նույն տրամաբանությամբ, եթե հայկական կողմը վերադառնա Արծվաշեն, ապա Ադրբեջանը նույնպես պետք է ապահովի համապատասխան ճանապարհային կապ։
Քաղաքական շրջանակներում նաև հիշեցնում են, որ դեռ 3-4 տարի առաջ ընդդիմության կողմից շրջանառվող «անկլավների փոխանակման» թեման իշխանության ներկայացուցիչները որակում էին որպես «ադրբեջանական նարատիվների տարածում»։ Սակայն այժմ արդեն իշխանության տարբեր ներկայացուցիչներ բաց տեքստով խոսում են հնարավոր փոխանակման մասին՝ հաճախ օգտագործելով նաև «Արծվաշենը վերադարձնելու» ձևակերպումը։
Այս թեմային այսօր անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Google Maps-ում տեղի ունեցած փոփոխությունները նոր չեն, պարզապես հանրության մի մասը դրանք այժմ է նկատել։ Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























