Ուրբաթ ուշ երեկոյան 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հավայան կղզիների Մեծ կղզում՝ Հոնաունաու-Նապուպու բնակավայրի մոտակայքում։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS) հղում անելով՝ «Reuters» գործակալությունը հայտնում է, որ նահանգի հրաբխային աստղադիտարանն արդեն գնահատել է Կիլաուեա հրաբխի վիճակը։
Կիլաուեան, որն աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, գտնվում է հենց Մեծ կղզում։
Հրաբուխը պարբերաբար ժայթքում է 2024 թվականի դեկտեմբերի 23-ից սկսած։ Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, ԱՄՆ Երկրաբանական ծառայության Հավայան հրաբխային աստղադիտարանը (HVO), հիմնվելով կանխատեսման մոդելների վրա, հայտնել էր, որ հաջորդ ժայթքումը սպասվում է մայիսի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում։
Ըստ USGS-ի տվյալների՝ երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 23 կմ խորության վրա, և ցնցումներն ուժգին զգացվել են Հավայան, Մաուի և Օահու կղզիներում։
Խաղաղօվկիանոսյան ցունամիների նախազգուշացման կենտրոնի փոխանցմամբ՝ երկրաշարժի պատճառով ցունամիի վտանգ չկա։ Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ նույնպես չեն ստացվել։





























