Այսօր՝ մայիսի 26-ին, լրանում է Սարդարապատի հաղթանակի 108 տարին։
Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 21-29-ը հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր», որը կարևոր դերակատարում ունեցավ Հայաստանի պատմության մեջ: Հաղթանակը կանգնեցրեց դեպի հյուսիս, արևելյան տարածքներ և Կովկասի ուղղությամբ թուրքական զորքերի էքսպանսիան, կանխվեց հայ ազգի ամբողջական ոչնչացումը և հայոց պետականության վերաստեղծման հիմք դրեց:
Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի տակ տեղի ունեցած հաջողված գործողությունների շնորհիվ և այդ ընթացքում հայ զինվորների և սպաների, ինչպես նաև ժողովրդական զանգվածների ցուցաբերած հերոսությամբ հնարավոր եղավ ոչ միայն դադարեցնել թուրքերի առաջխաղացումը, այլ նաև հսկայական կորուստներ պատճառելով նրանց ետ մղել:
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Սարդարապատի մասին ասել է. «1915 թվականին, այդ սև օրերուն ամբողջ երկիր մը բնաջինջ եղավ, քարուքանդ եղան մեր եկեղեցիներն ու վանքերը և ամբողջ ժողովուրդ մը մահվան անդունդե գլորվեցավ անասելի տառապանքներու մեջ:
Սակայն, սիրելի Հայեր, Աստված մեզ բոլորովին չլքեց, և ինչպես Քրիստոս երրորդ օրը մեռելներեն հարություն առավ, այնպես ալ Հայ ժողովուրդը երեք տարի հետո հարություն առավ և կոչվեցավ նոր կյանքի` գրեթե հրաշքի համազոր պայմաններու մեջ: 1915-ի Ապրիլին հաջորդեց 1918-ի Մայիսը: Եվ այնպիսի մեկ պահու, երբ երկրորդ եղեռն մը կսպառնար մեր վերապրող ժողովուրդին` Արևելահայաստանին:Մեր արյունաքամ ժողովուրդի զավակները մեկտեղեցան, բռունցքի մը վերածվեցին անխորտակելի և ստեղծեցին ու կոթողեցին Հայոց Պատմության երկրորդ Ավարայրը` Սարդարապատի ճակատամարտը: Հայ ժողովուրդը փրկվեցավ ստույգ մահե «Յուր քաջ որդոց սուրբ արյունով…»:
Գիտեք` այսպիսով հռչակվեցավ Հայաստանի Հանրապետությունը` Մայիսի 28-ին: Հայոց պատմության անիվը վերջապես շրջվեցավ և Հայ ժողովուրդի առջև վերջապես բացվեցավ Սարդարապատի հաղթանակով` կյանքի նոր ճանապարհ»:
























