Մայիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում, տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ՝ եպիսկոպոսության աստիճանի արժանացան Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանը և Քարոզչական կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Պատարագի ընթացքում վարդապետները երդվեցին անձնվիրաբար ծառայելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և անսասան ու հաստատուն լինել իրենց հոգևոր ծառայության մեջ։
Երդմնակալությունից հետո Վեհափառ Հայրապետն օծեց նորաօծ եպիսկոպոսների ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները, իսկ արարողության ավարտին Կաթողիկոսը նրանց հանձնեց եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշները՝ գավազանն ու մատանին։
Հայրապետական իր պատգամում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ պատմության ընթացքում եկեղեցու և հոգևորականների կրած հալածանքներին՝ ընդգծելով, որ այսօր ևս Հայաստանում եկեղեցականներ ենթարկվում են անհիմն հետապնդումների ու ազատազրկման։ Միևնույն ժամանակ Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ հայ հոգևորականները շարունակում են անսասան հավատարմությամբ ծառայել Սուրբ Էջմիածնին, հայրենիքին և ժողովրդին։
Ներկայացնելով նորաօծ եպիսկոպոսներին՝ Կաթողիկոսը բարձր գնահատեց նրանց երկարամյա եկեղեցանվեր ծառայությունը՝ նշելով, որ եպիսկոպոսական կոչումը մեծ պատասխանատվություն և անձնվեր ծառայություն է Քրիստոսի Եկեղեցու մեջ։
Պատարագի ավարտին հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը շնորհավորեցին նորաօծ սրբազաններին, որոնք առաջիկա օրերին Մայր Տաճարում կմատուցեն ուխտի պատարագներ։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























