«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արմեն Վլադիմիրի Ստեփանյանին մեղադրանք են առաջադրել ընտրակաշառք տալու համար: Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այս հայտարարությանը զուգահեռ հրապարակեց ձայնագրություն։
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ հենց այս քրեական վարույթի շրջանակներում է անցնում և մեղադրյալի կարգավիճակ ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արմեն Ստեփանյանը:
ArmLur.am-ը արդեն հայտնել էր, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացել էինք, որ Նիկոլ Փաշինյանի նախկին աշխատակից Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով որոշել է բավարարել Դատախազության միջնորդությունը և համաձայնություն տալ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Վլադիմիրի Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ապա ազատությունից զրկելու վերաբերյալ։ Նշենք, որ սա արդեն երկրորդ աղմկահարույց դեպքն է վերջին օրերին։
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 10-րդ համարի թեկնածու Հայկ Սուքիասյանի նկատմամբ։ Ստեղծված իրավիճակը նոր լարվածություն է մտցրել նախընտրական գործընթացում՝ հատկապես ընդդիմադիր դաշտում, որտեղ արդեն խոսում են քաղաքական հետապնդումների և ընտրական գործընթացների վրա ազդեցության փորձերի մասին։ Թե կոնկրետ ինչ մեղադրանքներով են ընդդիմադիր թեկնածուներին հետապնդում, պաշտոնապես դեռ չեն հաղորդում: ArmLur.am-ը կպարզի առաջիկա ժամերի ընթացքում և կհրապարակի:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























