Armenian text to speach

Կայացել է հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշամրցաշարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը, որը նվիրված էր անվանի մարզիկի մահվան 30-րդ տարելիցին:

Հուշամրցաշարին մասնակցել է 119 մարզիկ՝ 71 տղա և 48 աղջիկ։ Տղաների մրցապայքարն ընթացել է 5 գործիքի՝ օղակների, նժույգթափերի, հենացատկի, զուգափայտերի, պտտաձողի վրա և ազատ վարժությունում, իսկ աղջիկներինը՝ զուգափայտերի, հենացատկի, հավասարակշռության գերանի և ազատ վարժություններում:

Մրցումներին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հրանտ Շահինյանի դուստրը՝ Լուիզա Շահինյանը, Երևանի Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գևորգ Գևորգյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ, մարզասերներ:

Ողջունելով ներկաներին՝ նախարարն ընդգծել է, որ Հրանտ Շահինյանի անունը կրող մարզադպրոցն այս նախաձեռնությամբ լավագույնս արժևորում է մեծանուն մարզիկի հիշատակը. «Խորհրդանշական է, որ մեծ մարզիկի հիշատակին նվիրված այս մրցաշարը նշանավորում ենք մարմնամարզիկների նոր սերնդի հաջողություններով։ Այսօր կհամոզվենք, որ տաղանդավոր երեխաներ ունենք մարմնամարզությունում, որոնք շարունակելու են լավ ավանդույթները՝ բազմապատկելով հաջողությունները»։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մրցաշարի կազմակերպիչներին՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր հարթակ են ոչ միայն մրցակցության, այլև մարզադպրոցային կյանքի զարգացման ու հանրայնացման համար։ Նախարարն անդրադարձել է նաև Կառավարության կողմից հատկապես մանկապատանեկան սպորտի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ վարչապետի գավաթի մրցաշարերի կազմակերպմամբ հետևողականորեն խրախուսվում է դպրոցականների ակտիվ ֆիզիկական կենսակերպը և տարբեր մարզաձևերով զբաղվելը։ Նա նշել է, որ արդեն անցկացվում են դպրոցականների մրցաշարեր վազքի, հեծանվավազքի, խճուղավազքի, սեղանի թենիսի, բասկետբոլի և վոլեյբոլի մարզաձևերում, ինչը նպաստում է երեխաների առողջ ապրելակերպին և սպորտային ակտիվությանը։

Անդրադառնալով մարզական ենթակառուցվածքների զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Կառավարության առաջնահերթություններից են մարզադպրոցների պայմանների բարելավումը, նոր գույքի ձեռքբերումը և մարզական միջավայրի արդիականացումը։ Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ ավարտական փուլում է Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության նոր մասնաշենքի կառուցումը։

«Հուսով եմ՝ սեպտեմբերից գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվող մեր երեխաները կկարողանան մարզվել ամբողջությամբ նոր պայմաններում, որը բարձր արդյունքների և նոր հաջողությունների խթան կհանդիսանա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և հավելել՝ շարունակվում են նաև մարզադպրոցի մյուս մասնաշենքերի վերանորոգման և նոր գույքով համալրման աշխատանքների նախապատրաստական աշխատանքները։

Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ ակտիվ փուլում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցումը. միաժամանակ, ավելի քան 100 մարզական ենթակառուցվածքներում ակտիվ շինարարություն է ընթանում։

Նախարարը հիշեցրել է նաև, որ հաջորդ տարի Հայաստանը հյուրընկալելու է սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը՝ ընդգծելով, որ այն մեծ խթան և ոգեշնչման աղբյուր կլինի երիտասարդ մարզիկների համար, որոնք հնարավորություն կունենան մրցելու սեփական հարկի տակ՝ հայ հանդիսատեսի աջակցությամբ։

Ժաննա Անդրեասյանը հաջողություն և հաղթանակ է մաղթել մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ շեշտելով, որ սպորտը ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն է, այլև մարդու բնավորության, կամքի, նպատակասլացության և հետևողականության ձևավորման կարևորագույն ճանապարհ։

Միջոցառման շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրվել է Հրանտ Շահինյանի անվան հուշամեդալով։

Հուշամրցաշարի մասնակիցների թվում են նաև Վանաձորի, Գյումրու և Էջմիածնի մարզադպրոցների հավաքական թիմերը։ Մրցաշարին մասնակցում են 16-ից 19 տարեկան տղաներ և աղջիկներ։

Հրանտ Շահինյանն Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և կրկնակի փոխչեմպիոն է, աշխարհի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային կարգի մրցավար, ինչպես նաև պատանի մարմնամարզիկների դպրոցի հիմնադիր: Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ նժույգաթափի վրա Շահինյանի կատարած վարժություններից մեկը կոչվում է նրա անունով։




Լրահոս