Armenian text to speach

«Քննարկում ենք տարբեր սցենարներ». ի՞նչ են պլանավորում Արցախի ներկայացուցչության շենքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության պետնախարար Նռդեհ Իսկանդարյանի հետ՝ Երևանի Նաիրի Զարյան 17/Ա հասցեում գտնվող շենքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ՀՀ վերաքննիչ դատարանը անվավեր է ճանաչել շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքը, ինչի հետևանքով այն այլևս չի համարվում Արցախի Հանրապետության սեփականություն։

Նժդեհ Իսկանդարյանի գնահատմամբ՝ դատարանի այս որոշումը սպասելի էր Արցախի ղեկավարության համար։ Նրա խոսքով՝ վաղուց ակնհայտ էր, թե ինչ ուղղությամբ է զարգանալու գործընթացը, և եթե հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից հետո գործող իշխանությունը պահպանվի, ապա Արցախի ներկայացուցչության շենքի հարցը վերջնականապես փակված կհամարվի։

Իսկանդարյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում նախընտրական գործընթացների ընթացքում ավելի հաճախ են թիրախավորվում արցախցիները։ Նրա համոզմամբ՝ այդ գործընթացը պատահական չէ և ունի քաղաքական նպատակներ։

Արցախի պետնախարարի խոսքով՝ բռնի տեղահանությունից հետո ներկայացուցչության շենքը կարևոր նշանակություն է ունեցել արցախցիների համար՝ դառնալով նրանց հիմնական հավաքատեղիներից մեկը։ Տարբեր սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներ դիմել են ներկայացուցչություն և հնարավորությունների սահմաններում աջակցություն ստացել։ Որոշ դեպքերում այնտեղ ժամանակավորապես ապրել են նաև այն արցախցիները, որոնք ֆինանսական դժվարությունների կամ բնակարանի խնդիրների պատճառով հայտնվել են անօթևան վիճակում։

Նժդեհ Իսկանդարյանը համոզմունք է հայտնել, որ շենքի նկատմամբ վերահսկողության կորուստը նպատակ ունի վերջնականապես փակել Արցախի հարցը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Արցախի պետական ինստիտուտները շարունակելու են գործել՝ անկախ ստեղծված իրավիճակից և առկա սահմանափակումներից։ Նրա խոսքով՝ Արցախի պետական կառույցների գոյության համար չափազանց բարձր գին է վճարվել, և դրանք չեն կարող դադարեցնել գործունեությունը։

Նա նաև հայտնել է, որ այս փուլում քննարկվում են հետագա ռազմավարական քայլերը և տարբեր սցենարներ՝ արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Իսկանդարյանի համոզմամբ՝ թույլ չի տրվելու, որպեսզի Արցախի և արցախցիների իրավունքների հարցը փակված համարվի։

Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին ակտիվ քննարկվում է նաև Արցախի նոր նախագահի նշանակման կամ ընտրության հարցը, և շրջանառվում է նաև Նժդեհ Իսկանդարյանի անունը։ Սակայն այդ թեմայի վերաբերյալ նա հստակ պատասխան չի տվել՝ սահմանափակվելով միայն այն շեշտադրմամբ, որ առաջնահերթ խնդիրը Արցախի պետական ինստիտուտների շարունակական գործունեության ապահովումն է։

Նանիկ Աղասյան




Լրահոս