Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում Հանրապետության օրվա առիթով անցկացված տոնական զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ հայկական բանակի հիմնական առաքելությունը Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է։
Նրա խոսքով՝ բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս՝ բացառությամբ միջազգային պայմանագրերով նախատեսված խաղաղապահ առաքելությունների։
Փաշինյանը նշել է, որ հենց այս մոտեցման շնորհիվ է հնարավոր դարձել, որ Հայաստանը ձեռք բերի նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Նա ընդգծել է, որ մինչև 2022 թվականը միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին Հայաստանի համար, քանի որ մի շարք գործընկերներ հրաժարվում էին զենք մատակարարել՝ մտավախություն ունենալով, թե այն կարող է օգտագործվել Հայաստանի սահմաններից դուրս։
Վարչապետի խոսքով՝ իրավիճակը փոխվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինչից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվել է Հայաստանի համար։
Անի Վարդանյան





























