Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում անցկացված Առաջին Հանրապետության օրվան նվիրված զինվորական շքերթի ընթացքում ներկայացվել են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան արտադրության տարբեր տեսակի զինատեսակներ, հրետանային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր։
Զորահանդեսի մեկնարկին ցուցադրվել են «Վոլկ» ռոբոտացված համալիրը, «Տուման» ( Մշուշ) ռադիոլոկացիոն համակարգը, որը նախատեսված է օդային թիրախների հայտնաբերման և թռչող սարքերի արբանյակային ընդունիչների ճնշման համար, ինչպես նաև ֆրանսիական «Bastion» և հնդկական «Tata» զրահամեքենաները։ Դրանց հաջորդել են «ՌԲՕԱ» հրթիռային կայանքը, «ՏՈՍ-1Ա» ծանր հրանետային համակարգերը, «Սկորպիոն» և «Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրները, «Lusan» զենիթահրթիռային համակարգը և «Շչիտ-200» ռադիոլոկացիոն կայանը։
Շքերթի ընթացքում ներկայացվել են նաև հակատանկային և հրետանային մի շարք զինատեսակներ՝ «Կորնետ» և «Միզակ» համալիրները, հայրենական արտադրության «Հրազդան» և «Սևան» ականանետերը, «Ատլանտ» և «Շանթ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, «Դ-30» և «Տորք» հաուբիցները, «Տիր» հրթիռային համակարգերը, ինչպես նաև «Մհեր» և «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքները։ Ցուցադրվել է նաև «Փայլածու» ռադիոլոկացիոն համակարգը։
Առանձին ուշադրություն է հատկացվել անօդաչու թռչող սարքերին։ Հանրապետության հրապարակով անցել են «Մոլնիա» հարվածային անօդաչուն, «AW-5A», «SPM-1», «Շտորմ», «BIP-10» և «UL-450» հետախուզական ԱԹՍ-ները, «Պչելա-5» (Մեղու) , «Dev-1-1», «Dev-4», «Dev-K» և «Որոտ-2» հարվածային անօդաչուները, ինչպես նաև «Լուկ» ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ն և «Որոտ-1» հակառադիոլոկացիոն համակարգը։
Անի Վարդանյան






























