Armenian text to speach

ԱՄՆ-ն ու Իրանը «շատ մոտ են» համաձայնությանը, բայց վերջնական պայմանավորվածություն դեռ չկա․ Վենս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը դեռ վերջնական չէ, սակայն կողմերը «շատ մոտ են» գործարքի կնքմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ նշելով, որ բանակցություններում դեռ կան մի քանի չլուծված հարցեր։

BBC-ի հարցին, թե արդյոք Դոնալդ Թրամփը մոտ է համաձայնագիրը ստորագրելուն, Վենսը պատասխանել է, որ դեռ վաղ է ասել՝ «երբ և արդյոք» այն վերջնականապես կկնքվի։

Ավելի վաղ ամերիկացի պաշտոնյաները BBC-ին հայտնել էին, որ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնեցրել են գործարքի շրջանակը, սակայն այն դեռ պետք է հաստատվի Թրամփի և Իրանի ղեկավարության կողմից։ Միևնույն ժամանակ, իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ համաձայնությունը դեռ վերջնականացված չէ։

Ըստ հրապարակումների՝ հնարավոր համաձայնագիրը նախատեսում է հրադադարի երկարաձգում ևս 60 օրով և բանակցությունների մեկնարկ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Քննարկվում է նաև Հորմուզի նեղուցով «անարգել» նավարկության վերականգնումը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից որոշ պատժամիջոցների թուլացումը, որպեսզի Իրանը կարողանա վերսկսել նավթի արտահանումը։

Վենսը նշել է, որ բանակցություններում հիմնական տարաձայնություններից մեկը վերաբերում է ուրանի հարստացման հարցին։ ԱՄՆ-ը երկար ժամանակ պահանջում է, որպեսզի Իրանը դադարեցնի բարձր հարստացված ուրանի արտադրությունը և ոչնչացնի իր պաշարները, որոնք տեսականորեն կարող են օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար։

Միաժամանակ Սպիտակ տունը հերքել է իրանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները 14 կետից բաղկացած ոչ պաշտոնական հուշագրի մասին՝ այն անվանելով «ամբողջական կեղծիք»։

Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները շարունակել են ընդգծել, որ եթե բանակցությունները ձախողվեն, «B տարբերակը»՝ ռազմական գործողությունների վերսկսումը, շարունակում է մնալ օրակարգում։

Վերջին օրերին կողմերը նաև փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել հրադադարի խախտման վերաբերյալ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազային՝ ԱՄՆ-ի նոր ավիահարվածներից հետո։ Իրանական լրատվամիջոցները նաև պնդել են, թե խոցվել է ամերիկյան օդանավ, սակայն ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է այդ տեղեկությունը։

Անի Վարդանյան




Լրահոս