ArmLur․am-ի ձեռքում է հայտնվել ԱԱԾ շենքը հրկիզել փորձող 31-ամյա Րաֆֆի Մանդալյանի պաշտպանի դիմումը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
2026 թվականի մայիսի 22-ին բողոք-միջնորդություն է ուղարկվել ի թիվս այլ պետական մարմինների նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, հասցեագրված Ձեզ՝ «Թիվ 15119826 քրեական վարույթով Րաֆֆի Կարոյի Մանդալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդման իրավական որակումը փոփոխելու վերաբերյալ», որով մարդու իրավունքների պաշտպանից խնդրել ենք կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել Րաֆֆի Մանդալյանի նկատմամբ ապօրինությունները դադարեցնելու, անհամաչափ մեղադրանքը վերաորակելու ուղղությամբ, մեղադրյալ Րաֆֆի Մանդալյանի նկատմամբ դատահոգեբուժական և հոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելուց քրեական հետապնդման մարմինների հրաժարվելու անհիմն ձգտումը հաղթահարելու ուղղությամբ: Ինչպես նաև խնդրել ենք հանձնարարել` սույն բողոքը ստանալուն պես պատասխանատու կատարողը Րաֆֆի Մանդալյանի պաշտպանների հետ կապ հաստատի՝ սույն գործով առավել ուշագրավ հանգամանքներ պարզաբանելու համար, սակայն մինչ օրս որևէ արձագանք չկա։
ՀՀ գլխավոր դատախազությունում և վարույթն իրականացնող մարմնում բողոք-միջնորդության քննարկման արդյունքները պաշտպանության կողմին դեռևս հայտնի չեն, իսկ վարույթն իրականացնող քննիչ Ռ.Հակոբյանը երեկ տեղեկացրել է, որ 29.05.2026 թվականին անգամ նախատեսում է նախաքննության ավարտ հայտարարել, ինչը նշանակում է, որ քրեական վարույթով պատասխանատու անմիջական և վերադաս պաշտոնյաները բողոքով բարձրացված հարցերին դրսևորում են անտարբեր վերաբերմունք, փորձում են ամեն ինչ անել պաշտպանների փաստարկները լռեցնելու համար:
Ակնկալում ենք Ձեր հրատապ միջամտությունը և հանձնարարականը բողոք-միջնորդությամբ բարձրացված՝ Րաֆֆի Մանդալյանի նկատմամբ ապօրինությունները դադարեցնելու, ինչպես նաև պաշտպաններիս բարձրացված հարցերը բովանդակային և օբյեկտիվ քննարկելու վերաբերյալ Ձեր աջակցությունը ստանալու համար: Այս հարցով հենց այսօր հրավիրելու ենք ԶԼՄ-ներ ուշադրությունը…Խնդրում ենք այցելել Րաֆֆի Մանդալյանին, ով պահվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։

Քնար Մանուկյան





























