Armenian text to speach

Ովքե՞ր են Փաշինյանին շնորհավորել ծննդյան օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ:

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Հայրենիքի արմատական շահերին Ձեր նվիրվածությունը և առաջնորդական որակները Ձեզ արժանի հարգանք են բերել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Օգտվելով առիթից՝ հաջողություն եմ մաղթում Ձեզ առաջիկա ընտրարշավում։ Այդ նպատակին հասնելու համար Ձեր կողմից բոլոր պայմանները ստեղծված են։ Ձեր հեղինակությունը՝ որպես սկզբունքային ու կամային քաղաքական գործչի, բարձր է և անսասան հայ հասարակության մեջ։

Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում՝ միջպետական կապերը որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի բարօրություն և ի բարգավաճում բարեկամ Հայաստանի»։

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ։

Կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր հարուստ փորձն ու անձնուրաց աշխատանքը հաստատուն հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարձրացման և միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման համար։

Ղազախստանը բարձր է գնահատում Ձեր անձնական ավանդը մեր բազմակողմանի միջպետական կապերը որակական նոր մակարդակով խորացնելու և հայ-ղազախական հարաբերություններն ամրապնդելու գործում։

Վստահ եմ, որ երկու երկրների կառավարությունների համակարգված աշխատանքն այսուհետ ևս կնպաստի բոլոր ոլորտներում Ղազախստանի և Հայաստանի միջև փոխգործակցության դինամիկ զարգացմանը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, ընտանեկան բարօրություն, ինչպես նաև մեծ հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի բարօրություն բարեկամ հայ ժողովրդի»։

Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ընդունե՛ք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Հայաստանի շահերին Ձեր անձնվեր ծառայությունը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման և միջազգային ասպարեզում նրա հեղինակության ամրապնդմանն ուղղված հետևողական ջանքերն արժանի են բարձր գնահատականի։

Բարեկամության, փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և վստահության պատմական ավանդույթները կազմում են Տաջիկստանի և Հայաստանի փոխհարաբերությունների հուսալի հիմքը։ Ուրախալի է, որ այդ բարի ավանդույթների վրա հիմնված հարաբերություններն այսօր ունեն կառուցողական զարգացման դինամիկա։

Մենք շահագրգռված ենք այս գործընթացի շարունակմամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս կզարգացնենք երկու երկրների միջպետական կապերը՝ ի նպաստ մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերի։

Օգտվելով այս հաճելի առիթից՝ ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարօրություն և նորանոր զգալի հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ՝ ի բարօրություն բարեկամակ Հայաստանի»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:




Լրահոս