ՌԱԲԻՍ ԵՐԳՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԱՄԱՉԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Սարո Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը եւս հայոց բանակում տեղի ունեցող սպանությունները շատ ցավագին է ընդունում  եւ կարծում է, որ այն տղաները, որոնք հայոց սահմաններն են պաշտպանում, պետք է առավել  մեծ ուշադրության արժանանան:
27-ամյա երգիչ Սարոն ծնունդով Էջմիածնից է, սովորել է այնտեղի միջնակարգ դպրոցում, այնուհետեւ Երգի պետական թատրոնում եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ ֆակուլտետում: 2005 թվականին ԼՂՀ-ում մասնակցել է «Ընծա» երգի փառատոնին եւ զբաղեցրել առաջին հորիզոնականը:
-Ի վերջո, կասե՞ք, թե Դուք որ ոճում եք երգում, քանի որ կոնկրետ ոճ կարծես թե չունեք: Իսկ վերջերս էլ նկատեցինք, որ ռաբիս եք երգում:
-Այո՛, ռաբիս էլ եմ երգում, էստրադա էլ եմ երգում: Ես չեմ կարող ասել, որ ես ռաբիս չեմ երգել, երգել եմ, ամեն ինչ էլ երգում եմ: Կոնսերվատորիայում ջազ-վոկալ ֆակուլտետն եմ սովորել, ջազ էլ եմ երգել, նույն էստրադային երգերն էլ եմ երգել, ամեն ինչ էլ երգել եմ: Իմ մոտ մի քիչ ուրիշ ձեւի է, կարծես ծայրահեղությունից ծայրահեղություն լինի: Հենց նույն ռաբիսների մեջ շատ ճաշակով երգեր կան, որի տակ բոլորն էլ պարում եւ ուրախանում են:
-Էստրադային երգիչները քննադատում են ռաբիս երգողներին եւ անգամ հայտարարում, որ պետք է արգելել հեռուստաեթերով նրանց ելույթները: Չե՞ք վախենում, որ Ձեր «կոլեգաները» Ձեզ եւս կքննադատեն:
-Էստրադային երգիչները չեն ընդունում, որովհետեւ չգիտեմ… իրենց գործին խփել ա, չգիտեմ, երեւի դա է պատճառը, որ քննադատում են:
Ես չեմ նեղվում, եթե ասեն` Սարոն ռաբիս երգիչ է, ինչի՞ց պետք է նեղվեմ: Ես երգում եմ էն, ինչ ժողովրդին դուր է գալիս: Եթե ասեն` ես ռաբիս երգիչ եմ, թող ասեն, ո՞ւմ են ինչ անելու: Ես այդ հարցով չեմ անհանգստանում: Համամիտ չեմ, որ ասում են` դու թելադրի՛, թող ժողովուրդը լսի: Ես էդ պահը չեմ կարողանում հասկանալ: Օրինակ` օպերային երգողին չես կարող ստիպել, որ ինքը ռաբիս լսի:
-Իսկ Դուք այն կարծիքին չե՞ք, որ Հայաստանում, միայն ռաբիս երգեր երգելով, կարելի է գումար աշխատել, քանի որ ռեստորաններում երգելու դեպքում կարողանում եք ավելի շատ վաստակել:
-Ճիշտ եք, հենց ռաբիսով են գումար աշխատում, բայց այնպես չէ, որ ես ռաբիս չեմ սիրում ու գումար աշխատելու համար եմ երգում: Բնական է, որ էստրադա երգելով` այդքան գումար չես աշխատում, ինչքան որ ռաբիս երգելով կաշխատես: Այսօր ժողովուրդը 6/8-ային երաժշտությունն ավելի շատ է սիրում:
-Հիմա Դուք «Փարվանա» ռեստորանո՞ւմ եք երգում:
-Ես «Փարվանա»-ում չեմ էլ երգել, մի անգամ ուղղակի հավաքված ենք եղել, երգել եմ: Հիմա ոչ մի տեղ չեմ երգում:
-Ըստ տարածված տեղեկությունների` Ձեր հովանավորն ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն է, եւ նա  է Ձեզ օգնում: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Սարոյանի հետ:
-Սեյրան Սարոյանն իմ հորաքրոջ տղան է, մենք բարեկամներ ենք եւ շփվում ենք այնպես, ինչպես բարեկամը բարեկամի հետ կշփվեր:
-Իսկ բացի երգից, հետաքրքրվո՞ւմ եք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Որպես ՀՀ քաղաքացի` հայոց բանակում ծառայե՞լ եք եւ այժմ զինված ուժերում կատարվող սպանություններից տեղյա՞կ եք:
-Բանակում ծառայել եմ` Սիսիանում: Ճիշտն ասած, իմ ծառայության ժամանակ նման  բաներ չեն եղել, ու էս դեպքերը որ լսում եմ, անկեղծ շատ եմ ջղայնանում, ես նման բաներին շատ եմ ուշադրություն դարձնում: Բայց մարդ կա՞, որ կարող է նման բանի վրա ուշադրություն չդարձնել: Յուրաքանչյուր հայի համար էլ ցավալի է, որ զինվորի մահվան մասին լուր է լսում: Ո՞նց կարող է ցավալի չլինի, մարդիկ սահմաններն են պահում, մենք մեր համար ըստեղ ապրում ենք: Դա մեր ազգի համար է ցավ, ու ես լուրջ ներվայնանում եմ նման դեպքերի մասին լսելուց:
-Դուք գո՞հ եք, որ նման երկրում եք ապրում, որտեղ մարդիկ սոցիալական ծանր խնդիրներ ունեն, չեն կարողանում աշխատանք գտնել, իրենց առօրյա հոգսերը հոգալ եւ ստիպված լքում են Հայաստանը:
-Իմ ճանաչած մարդկանց համար էս երկիրը լավ ա ապրելու համար, ճիշտն ասած, շատ տեղյակ չեմ, թե ինչ պայմաններում են ապրում, երեւի դա իմ սխալն է, չգիտեմ… բայց չէի ասի, որ երգիչները լավ են ապրում: Ուղղակի կարծում եմ, որ եթե մարդիկ ուզենան հացի փող աշխատեն, կկարողանան:
-Իսկ Դուք կարողանո՞ւմ եք նորմալ պահել ընտանիքն ու ապրել Ձեր վաստակած գումարով:
-Ամուսնացած չեմ, առայժմ չեմ էլ ուզում:  Ոչ թե` որ շատ վատ ա վիճակը, ուղղակի դեռեւս դրան պատրաստ չեմ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս