Ռուսաստանի կողմից իրականացված հրթիռային և անօդաչու սարքերի զանգվածային հարձակումները գիշերը ցնցել են Ուկրաինայի մի շարք քաղաքներ՝ պատճառելով առնվազն 11 մարդու մահ և տասնյակ վիրավորներ, հայտնել են ուկրաինական իշխանությունները։
Կիևում մի քանի պայթյուններ են գրանցվել, որոնք առաջացրել են հրդեհներ տարբեր հատվածներում։ Քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ մայրաքաղաքում հաստատվել է առնվազն երեք զոհ։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հարձակման ժամանակ կիրառել է բալիստիկ հրթիռներ։
Քաղաքի տարբեր թաղամասերում էլեկտրաէներգիայի խափանումներ են արձանագրվել, իսկ բնակիչները շտապել են ապաստարաններ՝ պայթյունների և ծխի ֆոնին։
Միաժամանակ ծանր հարված է ստացել Դնեպր քաղաքը, որտեղ, ըստ մարզային իշխանությունների, զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 73-ամյա կին։ Վիրավորների թիվը հասել է 16-ի։
Խարկովում ևս գրանցվել են վիրավորներ․ Սլոբիդսկի շրջանի վրա հարվածի հետևանքով տուժել է 8 մարդ, հայտնել է մարզային ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրեր առաջ զգուշացրել էր, որ Ռուսաստանը պատրաստում է «նոր զանգվածային հարվածներ» երկրի տարածքին՝ կոչ անելով բնակչությանը խստորեն հետևել օդային տագնապներին և պաշտպանական կանոններին։
Նա նաև կրկին դիմել է արևմտյան գործընկերներին՝ խնդրելով ավելացնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք ունակ են խոցել ռուսական բալիստիկ հրթիռները։
Միևնույն ժամանակ, կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները․ հաղորդվում է, որ Ուկրաինայի կողմից իրականացված անօդաչու հարձակման հետևանքով Ռուսաստանի Կուրսկի շրջանում զոհվել է առնվազն մեկ մարդ։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի






























