Ղազախստանը հայտարարել է, որ պատրաստ է պահեստավորել Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները՝ որպես լուծում ԱՄՆ–Իրան միջուկային բանակցությունների առանցքային խոչընդոտներից մեկի հաղթահարման համար։
Առաջարկը ի հայտ է եկել այն պայմաններում, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարված բանակցությունները շարունակում են բարդանալ, իսկ միջնորդավորված կապերը, ըստ իրանական կողմի, ժամանակավորապես դադարեցվել են։
Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին նշել է, որ Ղազախստանը կարող է դառնալ նման պաշարների պահեստավորման հարթակ։ Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նույնպես աջակցել է գաղափարին՝ հանդիպելով Գրոսսիի հետ Աստանայում։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Երլան Ժետիբաևը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է «բարի կամքով տրամադրել տեխնիկական աջակցություն», եթե ձեռք բերվեն անհրաժեշտ միջազգային համաձայնություններ։
Ղազախստանը նախկինում արդեն դիտարկվել է որպես միջուկային ապամիջուկայնացման օրինակ․ ԽՍՀՄ փլուզումից հետո երկիրը հրաժարվել էր մոտ 1400 միջուկային մարտագլխիկներից և փակել Սեմիպալատինսկի փորձադաշտը։
ԱՄՆ–Իրան բանակցությունների հիմնական խնդիրներից է Իրանի ուրանի պաշարների ճակատագիրը։ Ըստ գնահատականների՝ Իրանն ունի մոտ 440 կգ 60% հարստացված ուրանի պաշար, որը դեռևս չի հասնում զենքի համար անհրաժեշտ 90%-ի շեմին, սակայն տեսականորեն կարող է օգտագործվել մի քանի միջուկային զենք արտադրելու համար։
Հաղորդվում է, որ նյութը գտնվում է Իրանի միջուկային օբյեկտների՝ Նաթանզի, Ֆորդոյի և Իսֆահանի տարածքներում, որոնք նախկին հարվածներից հետո մասամբ վնասվել են։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ պաշարների տեղափոխման գաղափարը կարող է ընդունելի լինել կողմերի համար՝ կախված բանակցությունների արդյունքներից, իսկ պահեստավորման անվտանգ վայր արդեն կա։
Ղազախստանը նաև արդեն հյուրընկալում է ՄԱԳԱՏԷ-ի ցածր հարստացված ուրանի բանկը, որը գործում է 2019 թվականից և նախատեսված է խաղաղ միջուկային ծրագրերի վառելիքի ապահովման համար։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի բարձր հարստացված ուրանը պետք է կա՛մ հանձնվի ԱՄՆ-ին, կա՛մ ոչնչացվի, կա՛մ տեղափոխվի այլ «ընդունելի վայր»։
Իրանի խորհրդարանի ներկայացուցիչները, սակայն, կտրականապես մերժել են պաշարների արտահանումը՝ նշելով, որ երկրի միջուկային ծրագիրը «բանակցելի չէ»։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի






























