Armenian text to speach

Երևանում անցկացվեց կարևոր միջազգային բժշկական համաժողով՝ նվիրված ժամանակակից բժշկության մոտեցումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Երևանում կայացավ խոշոր միջազգային բժշկական համաժողով, որը համախմբեց առաջատար բժիշկների, գիտնականների և առողջապահական ոլորտի մասնագետների՝ ամբողջ աշխարհից։ Միջոցառումը կազմակերպվել էր Ներքին հիվանդությունների բժշկության Հայկական ասոցիացիայի և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից։ 

Ըստ միջոցառման կազմակերպիչ Լամարա Մանուկյանի՝ միջոցառումը տեղի է ունենում արդեն մի քանի տարի շարունակ և և աշխարհի տարբեր երկրներից մասնագետների մեկ հարկի տակ հավաքելով ձևավորում է փորձի փոխանակման կարևոր միջավայր։ Համաժողովը դարձել է այն հիմնական հարթակը, որտեղ քննարկվում են ժամանակակից բժշկական մոտեցումները, ներկայացվում են միջազգային լավագույն փորձերը և ներդրվում հիվանդությունների ախտորոշման ու կանխարգելման նորագույն ուղեցույցներ։

Համաժողովի կարևոր առանձնահատկություններից մեկն իր գործնական արդյունքներն են։ Ամեն տարի Հայաստանում ներդրվում են նոր մեթոդներ և բուժման մոտեցումներ, ինչը էականորեն փոխում է առաջնային օղակի բժշկության որակը։

Եթե նախկինում բժիշկները հաճախ աշխատում էին առանց հստակ չափորոշիչների, ապա այսօր եվրոպական ուղեցույցները աստիճանաբար տեղայնացվում և կիրառվում են Հայաստանում, բարձրացնելով բուժօգնության որակը և միաժամանակ ուժեղացնելով մասնագետների իրավական պաշտպանվածությունը։

Համաժողովի ընթացքում ներկայացվեց, որ այս տարի նախատեսվում է երեք նոր բժշկական մեթոդի ներդրում, ինչպես նաև գրանցվել են նոր դեղամիջոցներ, որոնք ուղղված են մետաբոլիկ առողջության և ճարպակալման դեմ պայքարին։

Նորարար թեմաներ և միջազգային փորձ

Համաժողովի օրակարգում ընդգրկված էին բժշկության արագ զարգացող ոլորտներին առնչվող, երբեմն անգամ առաջադեմ և նորարարական թեմաներ։ Դրանց թվում էր վերականգնողական բժշկության նոր ուղղություններից մեկը՝ մարդու սեփական ճարպային բջիջներից աճառային հյուսվածք ստեղծելու հնարավորությունը, որը կարող է հանգեցնել հոդային վիրաբուժության ոլորտի որակական փոփոխության։

Միջազգային փորձագետները ներկայացրին նաև գործնական նշանակություն ունեցող մոդելներ՝ ուղղված հիվանդությունների վաղ հայտնաբերմանը։ Մասնավորապես, ներկայացվեցին այնպիսի մեթոդներ, որոնք թույլ են տալիս ընտանեկան բժիշկներին վաղ փուլերում հայտնաբերել և կանխարգելել սրտանոթային հիվանդությունները, կանխելով ծանր բարդությունները։

Շաքարային դիաբետը՝ գլոբալ մարտահրավեր

Համաժողովի առանցքային թեմաներից մեկը դարձավ շաքարային դիաբետն ու մետաբոլիկ խանգարումները։ Մասնագետները ընդգծեցին, որ դրանք այլևս չեն դիտարկվում որպես մեկ մասնագիտության շրջանակներում գտնվող խնդիրներ, այլ հանդիսանում են բազմագործոն հիվանդություններ՝ սերտորեն կապված սրտանոթային, երիկամային և այլ համակարգերի հետ։

Ներկայացված տվյալները վկայում են խնդրի լրջության մասին աշխարհում միլիոնավոր մարդիկ ապրում են շաքարային դիաբետով, իսկ նախադիաբետի դեպքերը նույնիսկ կարող են գերազանցել այդ թիվը։

Սա նշանակում է, որ մեծահասակների զգալի մասը կարող է ունենալ ածխաջրային փոխանակության խանգարումներ՝ առանց դրա մասին իմանալու։

Դիաբետը շարունակում է մնալ մահացության առաջատար պատճառներից մեկը՝ տարեկան միլիոնավոր դեպքերով, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է կանխարգելման և վաղ ախտորոշման անհրաժեշտությունը։

Կապակցված հիվանդություններ և ռիսկի գործոններ

Քննարկումների ընթացքում ընդգծվեց նաև ինսուլինռեզիստենտության, զարկերակային գերճնշման և սրտանոթային հիվանդությունների սերտ կապը։ Այս խնդիրները հաճախ զարգանում են համատեղ ձևով՝ զգալիորեն բարձրացնելով բարդությունների հավանականությունը։

Կենսակերպային գործոնները շարունակում են մնալ առանցքային։ Մասնավորապես առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ծխելու գործոնին, որը շարունակում է մնալ առողջության համար ամենակարևոր և փոփոխելի ռիսկի գործոններից մեկը։

Մասնագետները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ ծխելը լիովին դադարեցնելը շարունակում է մնալ առողջության պահպանման «ոսկե ստանդարտը»։ Սակայն ընդունվեց նաև, որ իրական կյանքում բազմաթիվ ծխողներ չեն կարողանում անմիջապես հրաժարվել այդ սովորությունից։

Այս համատեքստում քննարկվեց ռիսկերի մոդիֆիկացիայի մոտեցումը, որը ենթադրում է ոչ թե խնդրի անտեսում, այլ դրա ռիսկերի կառավարման փորձ։ Մասնավորապես նշվեց, որ այն դեպքերում, երբ ծխողը չի դադարեցնում ծխելը, կարևոր է նվազեցնել այրումից առաջացող վնասակար նյութերի ազդեցությունը, քանի որ հենց այրման գործընթացն է ձևավորում առավելագույն տոքսիկ բաղադրիչները։

Այս մոտեցման շրջանակում դիտարկվում են այլընտրանքային լուծումները, որոնք հիմնված չեն այրման վրա, այլ ձգտում են քչացնել վնասակար միացությունների ներթափանցումը օրգանիզմ։ Մասնագետները ընդգծեցին, որ այդպիսի լուծումները չեն հանդիսանում ռիսկերից զուրկ, նման մոտեցումը կարող է դիտարկվել որպես միջանկյալ քայլ դեպի ծխելու լիակատար դադարեցում, հատկապես այն մարդկանց համար, ովքեր դեռևս պատրաստ չեն այդ քայլին։

Ընդհանուր առմամբ, շեշտադրվեց, որ արդյունավետ հանրային առողջապահական քաղաքականությունը պետք է ներառի թե՛ կանխարգելում և կրթություն, թե՛ գործնական, իրատեսական մոտեցումներ՝ ռիսկերը նվազեցնելու համար։

Թաքնված վտանգ և վաղ հայտնաբերման կարևորություն

Համաժողովում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց այն փաստին, որ հիվանդությունը հաճախ զարգանում է աննկատ։ Շատ մարդիկ տարիներ շարունակ չեն գիտակցում իրենց հիվանդությունը, մինչդեռ բարդությունները՝ սրտանոթային կամ երիկամային, արդեն ձևավորվում են։

Այս համատեքստում առաջնային նշանակություն ունեն ընտանեկան բժիշկները, որոնք առաջինն են շփվում պացիենտների հետ և առանցքային դեր ունեն վաղ ախտորոշման և կանխարգելման հարցում։

Ժամանակակից բժշկությունն աստիճանաբար անցում է կատարում ավելի ամբողջական և պացիենտակենտրոն մոտեցման։ Դիաբետի արդյունավետ կառավարումը այսօր չի սահմանափակվում միայն արյան շաքարի վերահսկմամբ։

Այն ներառում է նաև սրտանոթային համակարգի պաշտպանություն, երիկամների ֆունկցիայի պահպանում, մարմնի զանգվածի կառավարում և ընդհանուր մետաբոլիկ հավասարակշռության ապահովում։ 

Համաժողովի հիմնական ուղերձը հստակ էր ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը պահանջում է համատեղ և շարունակական ջանքեր։ Նման նախաձեռնությունները կարևոր դեր են խաղում բժշկության զարգացման, մասնագետների հզորացման և հանրային առողջության բարելավման գործում։

Երևանում անցկացվող այսպիսի միջոցառումները նպաստում են ոչ միայն մասնագիտական առաջընթացին, այլ նաև ավելի առողջ հասարակության ձևավորմանը։ (Գ)




Լրահոս