Armenian text to speach

Ինչո՞ւ են չեզոքացվում ընդդիմադիր ուժերի կազմակերպիչներն ու լիդերները. ո՞րն է նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանը ուղեկցվում է իրավապահ մարմինների ակտիվ գործողություններով, որոնց կենտրոնում հայտնվել են ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Վերջին ամիսներին Հակակոռուպցիոն կոմիտեն և այլ իրավապահ կառույցներ հրապարակել են մի շարք ձայնագրություններ և հաղորդագրություններ, որոնցում, ըստ քննության վարկածի, քննարկվում են ընտրական գործընթացների վրա ազդեցության, ընտրողների հետ աշխատանքի և հնարավոր ընտրակաշառքի հետ կապված հարցեր։

Իրավապահների հրապարակած նյութերում հիմնականում վերաբերում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին։ Քննության մարմինները պնդում են, որ իրականացվում են ընտրակաշառքի և ընտրական իրավախախտումների վերաբերյալ լայնածավալ ստուգումներ, իսկ հրապարակված ձայնագրությունները ներկայացվում են որպես այդ գործերի ապացուցողական բազայի մաս։

Միևնույն ժամանակ, ընդդիմադիր ուժերը պնդում են, որ հրապարակումները միակողմանի են, ունեն քաղաքական նպատակահարմարություն և ուղղված են նախընտրական գործընթացների վրա ազդելուն։

Ուշագրավ է, որ իրավապահ գործողությունների հիմնական թիրախում հայտնվել են ոչ թե շարքային ակտիվիստները, այլ քաղաքական ուժերի կազմակերպչական հենասյուն համարվող անձինք՝ նախընտրական շտաբների ղեկավարներ, տարածքային պատասխանատուներ, քարոզարշավների համակարգողներ և քաղաքական առաջնորդներ։ Հենց այդ շրջանակներից են վերջին շրջանում առավել հաճախ արձանագրված ձերբակալություններն ու կալանավորումները։

Հանրային լայն արձագանք ստացավ նաև քաղաքական գործիչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի կալանավորումը, որը տեղի ունեցավ ընտրական գործընթացների ամենաթեժ փուլում։
Ուշագրավ էր նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի /Կանդազ/ կալանավորումը։ Նա կալանավորվեց, որ հեռախոսազանգով արցախցիներին ասել է․ մենք ընտրվենք՝ գործն էլ է լինելու, հողն էլ։ Երեկ նաև ձերբակալեցին նույն կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին, որ կրկին ակտիվ ներգրավված է կազամկերպչական աշխատանքներին։

Քաղաքական դիտորդների մի մասը նշում է, որ նախընտրական շրջանում գաղտնալսումների, ձայնագրությունների հրապարակման և կալանավորումների համակցված կիրառումը ձևավորում է այնպիսի միջավայր, որտեղ հանրային քննարկման կենտրոնում հայտնվում են ոչ թե ծրագրերն ու գաղափարները, այլ քրեական գործերն ու իրավապահ գործողությունները։ Ընդդիմադիր ուժերը սա դիտարկում են որպես քաղաքական ճնշման մեխանիզմ, մինչդեռ իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ խոսքը բացառապես օրենքի կիրառման և ընտրական գործընթացների մաքուր, թափանցիկ ապահովման մասին է։

Հիշեցնենք, որ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի ձեռքի տակ է հայտնվել ուշագրավ մի ձայնագրություն, որտեղ դպրոցի տնօրենը հորդորում է ուսուցիչներին՝ աշակերտների հետ միասին, մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին, սակայն այստեղ անհասկանալին այն է, որ իրավապահ համակարգը նույն ակտիվությամբ և աչալրջությամբ չի գործում։

Հետևաբար, մնում է ենթադրել, որ, անկախ քաղաքական գնահատականներից, նախընտրական պայքարի ընթացքում իրավապահ մարմինների գործողությունների հիմնական թիրախը դարձել են ընդդիմադիր ուժերի կազմակերպչական կառույցները։ Երբ կալանավորվում են շտաբերի ղեկավարներ, ընտրական գործընթացների համակարգողներ կամ քաղաքական լիդերներ, դա անխուսափելիորեն ազդեցություն է ունենում տվյալ քաղաքական ուժի քարոզչական և կազմակերպչական հնարավորությունների վրա։ Այդ հանգամանքն էլ դարձել է ներկայիս նախընտրական շրջանի ամենաքննարկվող թեմաներից մեկը։

Նանիկ Աղասյան




Լրահոս