Սփյուռքի հետ հարաբերություններում մենք որդեգրել ենք նոր սկզբունք․ «նվիրատվությունից» անցում ենք կատարելու դեպի ներդրում և համասեփականություն։ Սա նշանակում է, որ Սփյուռքը դառնում է ոչ թե օգնություն տրամադրող, այլ տնտեսության համահեղինակ։ Այս մասին ասել է «Միասնության թևեր» կուսակցության տնտեսական թիմի անդամ Իրինա Անանյանը։
«Մեր շփումները ցույց են տալիս, որ Սփյուռքում կա շատ բարձր մոտիվացիա՝ ներդրելու, մասնակցելու և դառնալու Հայաստանի զարգացման համահեղինակ։ Պարզապես այսօր հաճախ բացակայում են հասկանալի կանոնները, վստահելի մեխանիզմները և հարմար գործիքները։ Այլ կերպ ասած, պահանջարկ կա, մենք ստեղծում ենք առաջարկը»,- ասել է տնտեսագետը։
Մանրամասնելով «Միասնության թևերի» տնտեսական պլատֆորմի 5-րդ ուղղությունը՝ նա նշել է, որ Սփյուռքին ուղղվելու է երեք տնտեսական առաջարկ․ Հայաստանից դուրս բնակվող հայ գործարարը կարող է դառնալ որևէ նախագծի համասեփականատեր, գործունեություն ծավալել արդյունաբերական գոտիներում կամ գնել հայկական ընկերությունների բաժնետոմսեր և պարտատոմսեր։
«Մենք կառուցում ենք համահայկական տնտեսական համակարգ, որտեղ Հայաստանը կենտրոնն է, իսկ Սփյուռքը՝ լիարժեք գործընկեր»,- ասել է Իրինա Անանյանը։
Հիշեցնենք, որ «Միասնության թևեր» կուսակցության տնտեսական ծրագիրը հրապարակվել է փետրվարի 17-ին և կրում է «7 ուղղություն՝ 1 ճանապարհ» խորագիրը։ (Գ)
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































