Armenian text to speach

Հայաստանը ցանկանում է օգտագործել Ռուսաստանը՝ հետագայում ԵՄ-ին անդամակցելու համար․ ՌԴ Պետդումայի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ դրանք օգտագործելով որպես գործիք՝ հետագայում Եվրամիությանը միանալու նպատակով։

«Ասում են՝ ցանկանում ենք մնալ ԵԱՏՄ-ում, հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Ի՞նչ հարաբերություններ։ Սպառողական։ Օգտագործե՞լ մեր երկիրը, որպեսզի անցնեն այս փուլը և մտնեն Եվրամիություն։ Դա ազնիվ չէ»,– ասել է Վոլոդինը «Վեստի» հաղորդմանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանին և նրա քաղաքացիներին՝ ապահովելով տնտեսական արտոնություններ։ Վոլոդինը նշել է, որ Հայաստանը ռուսական գազը ստանում է շուրջ չորս անգամ ավելի ցածր գնով, իսկ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական արտադրանքի կարևորագույն շուկաներից մեկը։

«Այդ դեպքում հրաժարվեք դրանից և բացահայտ ասեք ձեր քաղաքացիներին։ Գնացեք Եվրամիություն, եթե ձեզ այդ բարոյականությունն ավելի մոտ է»,– հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահը։

Վերջին օրերին ռուս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հաճախակի են դարձել հայտարարությունները Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի վերաբերյալ։ Մոսկվան պնդում է, որ Երևանը պետք է հստակեցնի իր արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթությունները՝ Եվրասիական տնտեսական միությունում անդամակցության և Եվրամիությանն անդամակցելու հայտարարված ձգտումների համատեքստում։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս