Մերձավորարևելյան հակամարտության ֆոնին հարկադիր դադարից հետո Իրանը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի իրագործման աշխատանքները լիովին վերսկսելու մտադրության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ինտերֆաքս»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
«Մարտին աշխատանքը դժվարացել էր. հակամարտության առաջին շաբաթվա ընթացքում մենք նույնիսկ լուրջ խնդիրներ ունեինք կապի հարցում, չհաշված պլանային նիստերի անցկացումը և այլն։ Սակայն այսօր իրավիճակը փոխվել է, և կարող եմ ասել՝ ամենակարևոր ուղերձը, որը մենք Աստանայում կայացած հանդիպման ժամանակ լսել ենք (խմբ.՝ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի) նախարար (Սեյեդ Մոհամմադ) Աթաբակից, բոլոր ուղղություններով լիաֆորմատ պլանային աշխատանքի վերսկսման կոչն էր: Այժմ լրիվ ծավալով վերսկսում ենք բոլոր աշխատանքային շփումները՝ նպատակ ունենալով լիարժեքորեն համալրել համատեղ կոմիտեի երկրորդ նիստի օրակարգը, որն, ինչպես ակնկալում ենք, աշնանը կկայանա Թեհրանում», – ասել է Սլեպնյովը։
Գործակալությունը հիշեցնում է, որ ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2025 թ. մայիսին։
«Մենք տեսնում ենք, որ 2025 թվականը տվել է առևտրի հերթական աճը՝ 15,5%-ով։ Մեր մատակարարումներն Իրան աճել են ավելի քան 20%-ով։ Նշեմ, որ այս աճն արդեն բավականին բարձր հիմքից է. մենք արագ տեմպերով աճում ենք արդեն մի քանի տարի, և, իհարկե, տարեցտարի ավելի դժվար կլինի այս տեմպերը պահպանելը», – Սլեպնյովը մեկնաբանել է համաձայնագրի իրագործման առաջին տարվա արդյունքները։





























