Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների հերթական փոխանակումը՝ «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Ռուսաստանի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից վերադարձվել է 185 ռուս զինծառայող, որոնց դիմաց ուկրաինական կողմին է փոխանցվել 185 ուկրաինացի ռազմագերի։
Վերադարձված ռուս զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց տրամադրվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական աջակցություն։ Գործընթացին աջակցում է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ բուժզննումից և անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո ազատ արձակված զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստան՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում հետագա բուժման և վերականգնման նպատակով։
Գերիների փոխանակման կազմակերպման գործում միջնորդական դեր է ունեցել ԱՄԷ:
Սա վերջին շաբաթների ընթացքում կողմերի միջև իրականացված երկրորդ խոշոր փոխանակումն է։ Ավելի վաղ՝ մայիսի 15-ին, կողմերը փոխանակել էին 205 ռուս և 205 ուկրաինացի զինծառայողների։
Ռազմագերիների փոխանակումները շարունակում են մնալ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում կողմերի միջև համագործակցության հազվադեպ ուղղություններից մեկը։
Անի Վարդանյան






























