2026 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 847 հազար 226 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիների 33.84 տոկոսը։
Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ նույն ժամի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 695 հազար 626 քաղաքացի կամ ընտրողների 26.82 տոկոսը։ Այսպիսով, 2026 թվականի ընտրություններում մասնակցությունը 7.02 տոկոսային կետով ավելի բարձր է 2021 թվականի ցուցանիշից։
Երևանում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 283 հազար 601 ընտրող կամ ընտրողների 33.38 տոկոսը։ 2021 թվականին նույն ժամի դրությամբ մայրաքաղաքում մասնակցությունը կազմել էր 29.28 տոկոս՝ 251 հազար 504 ընտրող։
Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում մասնակցությունը կազմել է 28.85 տոկոս (31 հազար 253 ընտրող), իսկ Վանաձորում՝ 33.6 տոկոս (31 հազար 510 ընտրող)։
Մարզերի շարքում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 39.02 տոկոս, Տավուշի մարզում՝ 38.87 տոկոս և Վայոց ձորի մարզում՝ 37.81 տոկոս։ Բարձր մասնակցություն է արձանագրվել նաև Կոտայքի մարզում՝ 35.95 տոկոս։
Մարզային պատկերը ժամը 14:00-ի դրությամբ հետևյալն է։
- Արագածոտնի մարզ՝ 34.99% (39 691 ընտրող)
- Արարատի մարզ՝ 32.81% (72 243 ընտրող)
- Արմավիրի մարզ՝ 30.39% (68 785 ընտրող)
- Գեղարքունիքի մարզ՝ 32.29% (57 422 ընտրող)
- Լոռու մարզ՝ 34.96% (74 575 ընտրող)
- Կոտայքի մարզ՝ 35.95% (86 481 ընտրող)
- Շիրակի մարզ՝ 31.57% (65 608 ընտրող)
- Սյունիքի մարզ՝ 39.02% (41 738 ընտրող)
- Վայոց ձորի մարզ՝ 37.81% (16 878 ընտրող)
- Տավուշի մարզ՝ 38.87% (40 204 ընտրող)
Հիշեցնենք, որ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել էր ընդամենը 13.92 տոկոս։
Այդ ժամանակ քվեարկությանը մասնակցել էր 114 հազար 759 ընտրող՝ մայրաքաղաքի 824 հազար 250 ընտրողներից։
Այսպիսով, 2026 թվականի ԱԺ ընտրություններում միայն Երևանում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկածների թիվը՝ 283 հազար 601-ը, ավելի քան կրկնակի գերազանցում է 2023 թվականի ավագանու ընտրությունների նույն ժամի ցուցանիշը։



























