ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունները՝ դրանք կապելով ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական գործընթացների հետ։
Զախարովայի հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունները տեղի են ունեցել «աննախադեպ ճնշումների» պայմաններում ընդդիմության նկատմամբ, ինչպես նաև «Արևմուտքի՝ հատկապես ԵՄ-ի միջամտության ֆոնին»։
Նա ընդգծել է, որ նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության լիակատար մենաշնորհ, միաժամանակ հավելելով, որ վերջինիս աջակցությունը, ըստ իր գնահատականի, նվազել է նախորդ ընտրական շրջանի համեմատ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ հայ հասարակությունում կա լայն պահանջ՝ զարգացնելու ռուս-հայկական հարաբերությունները և պահպանելու մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն կառույցներում՝ ներառյալ ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը։
Նրա խոսքով՝ ընտրարշավն ու քվեարկության գործընթացը ուղեկցվել են «խիստ ճնշումներով ընդդիմության և նրանց աջակիցների նկատմամբ», ինչպես նաև հիշատակվել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, իր ձևակերպմամբ, «հետապնդումների» մասին։
Զախարովան հայտարարել է, որ այս ամենը «լուրջ խախտում է ժողովրդավարական սկզբունքների» և ընդգծել է, որ Հայաստանի հասարակությունը «խիստ բևեռացված է»։
Վերջում նա նշել է, որ Մոսկվան շահագրգռված է «ուժեղ և իրականում ինքնիշխան Հայաստանի» մեջ՝ հավելելով, որ Ռուսաստանի հետագա դիրքորոշումը կախված կլինի Երևանի ղեկավարության իրական քայլերից։




























