Armenian text to speach

Ովքե՞ր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին. ArmLur.am-ն ամփոփել է միջազգային արձագանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ, ինչպես նաև եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ։ ArmLur.am-ը փորձել է ամփոփել, թե ովքեր են շնորհավորել Փաշինյանին և ինչ ուղերձներ են հղել նրան։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնի

Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը։

«Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելու և մեր երկու ժողովուրդների համար բարգավաճում ստեղծելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելուն»։

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դան

Ռումինիայի նախագահը նշել է Հայաստանի և Ռումինիայի միջև առկա երկարամյա բարեկամական կապերը։

«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ռումինիան և Հայաստանը կապված են երկարամյա բարեկամությամբ, և ես անհամբեր սպասում եմ մեր գործընկերության հետագա ամրապնդմանը»։

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչ

Խորվաթիայի վարչապետը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին և եվրոպական ինտեգրման գործընթացին։

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։ Ես անհամբեր սպասում եմ մեր համագործակցության շարունակմանը և Խորվաթիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և Եվրամիության հետ նրա խորացող գործընկերությանը, որը հիմնված է ժողովրդավարության, կայունության և բարգավաճման նկատմամբ մեր համատեղ հանձնառության վրա»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ նրա կուսակցության վերընտրման կապակցությամբ և ընդգծել խաղաղության օրակարգի կարևորությունը։

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր կուսակցության վերընտրման առթիվ։ Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում, և մենք հանձնառու ենք առաջ մղելու Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) իրականացումը։

Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից այն կողմ խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե

«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար»։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև

Տոկաևը նշել է, որ ընտրություններն անցել են բաց և օրենսդրությանը համապատասխան պայմաններում՝ հավելելով, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն

«Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները այս համոզիչ հաղթանակի առիթով։ Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ խաղաղությունն ու Հայաստանի ինքնիշխանությունը սատարելու համար»։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերց

«Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը»։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան

Փեզեշքիանը բարձր է գնահատել ընտրությունների անցկացումը և նշել, որ հայ ժողովրդի աջակցությունը Փաշինյանի կառավարությանը վկայում է խաղաղության, զարգացման և տարածաշրջանային համագործակցության քաղաքականության շարունակության մասին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի

«Սա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և ձեր ընտրած ձևով ապրելու ձեր իրավունքի համար»։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդի

«Այս մանդատը նորովի արտացոլում է հայ ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր առաջնորդության և տեսլականի նկատմամբ»։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդու

«Սրտանց շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության հանձնառությունը»։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկ

«Նիկոլ Փաշինյանը հաղթեց։ Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը»։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոն

Նա նշել է, որ անհամբեր սպասում է Հայաստանի հետ համագործակցության խորացմանն ու տարածաշրջանային խաղաղության գործընթացին աջակցության շարունակմանը։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես

«Հայ ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը, կայունությունը և Եվրոպային ավելի ու ավելի մոտ ապագան»։

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոկեր

Նա նշել է, որ Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը ժողովրդավարական ուղուն և երկրի ինքնիշխանության ամրապնդմանը։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիս

«Հունաստանը հույս ունի ամրապնդել մեր երկու բարեկամ երկրների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված սերտ համագործակցությունը»։

Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետտեն

Նա հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները հաստատում են տարածաշրջանային խաղաղության և ԵՄ-Հայաստան համագործակցության ընդլայնման օրակարգը։

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչս

«Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին։ Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին»։

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ

«Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին»։

Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենե

Նա նշել է, որ Հայաստանի ժողովուրդը կրկին արտահայտվել է ժողովրդավարական արժեքների և եվրոպական ապագայի օգտին։

Եվրոպական կառույցների ղեկավարները

Փաշինյանին շնորհավորել են նաև Ուրսուլա ֆոն դեր Լայեն, Անտոնիու Կոշտա, Ռոբերտա Մեցոլա և Մարթա Կոս։

Նրանց ուղերձներում հիմնական շեշտադրումները վերաբերում էին Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության օրակարգին, ինքնիշխանությանը և Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը։

Հատկանշական է, որ շնորհավորական ուղերձների գերակշիռ մասը Հայաստանի ընտրությունների արդյունքները կապել է ժողովրդավարության, ինքնիշխանության, խաղաղության և եվրոպական ինտեգրման գործընթացների հետ՝ ընդգծելով Երևան-Բրյուսել հարաբերությունների խորացման հեռանկարը։

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս