Armenian text to speach

Ընտրություններն ավարտվել են, բայց քարոզչական պաստառները շարունակում են մնալ․ ի՞նչ է ասում օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ընտրություններն արդեն ավարտվել են, Երևանի և մարզերի մի շարք համայնքներում դեռևս պահպանվում են թեկնածուների և քաղաքական ուժերի նախընտրական պաստառները։ Այս հանգամանքը հարցեր է առաջացնում՝ արդյոք օրենքը պարտադրո՞ւմ է դրանք հեռացնել ընտրություններից հետո, և ո՞վ է պատասխանատու այդ գործընթացի համար։

ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը սահմանում է, թե որտեղ և ինչ պայմաններով կարող են տեղադրվել նախընտրական քարոզչական պաստառները։ Սակայն օրենսգրքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործող կարգավորումներում առանձին դրույթ չկա, որը կսահմանի ընտրությունների ավարտից հետո պաստառների պարտադիր ապամոնտաժման ժամկետը կամ պատասխանատու մարմինը։

Միաժամանակ, որոշ կարգավորումներում ամրագրված էր, որ հանրային միջոցառումների ընթացքում փակցված քարոզչական պաստառները միջոցառման ավարտից հետո պետք է հեռացվեն համապատասխան թեկնածուի կամ քաղաքական ուժի կողմից։

Ստացվում է, որ գործող իրավական դաշտում առկա է որոշակի բաց։ Օրենքը մանրամասն կարգավորում է քարոզչական նյութերի տեղադրման կարգը, սակայն հստակ պատասխան չի տալիս ընտրություններից հետո դրանց հեռացման պարտականության և ժամկետների վերաբերյալ։

Արդյունքում, ընտրարշավի ավարտից հետո էլ բազմաթիվ համայնքներում շարունակում են պահպանվել նախընտրական պաստառներ, ինչը հարցեր է առաջացնում համայնքային տարածքների պատշաճ կառավարման և վերահսկողության արդյունավետության վերաբերյալ։

Փաստացի, գործող օրենսդրությունը չի սահմանում, թե ով և երբ պետք է հեռացնի նախընտրական կամ այլ քաղաքական բնույթի պաստառները։ Այդ պատճառով նման աշխատանքների իրականացումը հիմնականում մնում է տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքապետարանների և համայնքապետարանների պատասխանատվության շրջանակում։

Հեղինակ՝ Ա․ Վարդանյան




Լրահոս