Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը Հայաստանի 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունները ներկայացրել է որպես երկրի արտաքին քաղաքական ուղղության շուրջ հանրաքվե՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթանակ է տարել, սակայն արդյունքները նրան չեն ապահովում այնպիսի գերակշիռ աջակցություն, որը թույլ կտար առանց դժվարությունների առաջ մղել իր քաղաքական օրակարգը։
Հոդվածում նշվում է, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49,81 տոկոսը՝ զգալիորեն առաջ անցնելով հիմնական մրցակիցներից։ Միևնույն ժամանակ CNN-ը շեշտում է, որ այս արդյունքը կարող է բավարար չլինել խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ձևավորելու համար։
Հեռուստաընկերության գնահատմամբ՝ ընտրությունները մեծապես ընկալվում էին որպես քվեարկություն Հայաստանի արտաքին քաղաքական ապագայի վերաբերյալ։ CNN-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրի առանցքում եղել են Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և Եվրամիության հետ կապերի խորացումը։
Հոդվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցությանը Հայաստանի շուրջ։ CNN-ը նշում է, որ վերջին տարիներին Երևանը աստիճանաբար հեռացել է Մոսկվայի ազդեցության գոտուց, իսկ այդ գործընթացը արագացել է հատկապես 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։
Միաժամանակ, հոդվածում ընդգծվում է, որ Ռուսաստանը նախընտրական շրջանում տնտեսական ճնշումներ է գործադրել Հայաստանի նկատմամբ՝ սահմանափակումներ կիրառելով հայկական որոշ ապրանքների ներմուծման վրա։ CNN-ի գնահատմամբ՝ այդ քայլերը Մոսկվայի կողմից ուղերձ էին Երևանին, որ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը կարող է ունենալ իր գինը։
Հեռուստաընկերությունը նաև նշում է, որ, չնայած եվրոպական ուղղությամբ ակտիվ քաղաքականությանը, Փաշինյանը շարունակում է պահպանել շփումները Ռուսաստանի հետ՝ փորձելով վարել բազմավեկտոր քաղաքականություն։
CNN-ը եզրափակում է, որ ընտրությունների արդյունքները վարչապետ Փաշինյանին տալիս են իշխանությունը պահպանելու հնարավորություն, սակայն առայժմ բաց է մնում հարցը, թե արդյոք նա կկարողանա իրագործել հատկապես այն նախաձեռնությունները, որոնք պահանջում են լայն քաղաքական աջակցություն և հնարավոր սահմանադրական փոփոխություններ։
Հեղինակ՝ Անի Վարդանյան






















































































