Թուրքական Yeni Şafak լրատվամիջոցը գրել է, որ Ալիջան (Մարգարա) և Աքյակա (Ախուրիկ) սահմանային անցակետերի բացման դեպքում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է արագանալ, իսկ երկկողմ առևտրաշրջանառությունը հասնել մինչև 1 միլիարդ ԱՄՆ դոլարի։
Հոդվածում նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանային խաղաղության և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարություններից հետո Երևան-Անկարա գործընթացը կրկին ակտիվացել է։ Ըստ հրապարակման՝ կողմերի միջև դիվանագիտական շփումները շարունակվում են, և առաջիկայում հնարավոր են կոնկրետ քայլեր սահմանների բացման ուղղությամբ։
Նախատեսվում է, որ առաջին փուլում կբացվի Իգդիրի շրջանում գտնվող Ալիջան սահմանային անցակետը։ Ըստ պարբերականի հայկական կողմում նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են, իսկ թուրքական կողմում գործընթացը մոտենում է ավարտին։ Հնարավոր է, որ արդեն ամռան ամիսներին սկսվեն ցամաքային անցումները և առևտրային փոխադրումները։
Միաժամանակ շարունակվում են Կարսի շրջանում գտնվող Աքյակա–Ախուրիկ երկաթուղային անցակետի բացման աշխատանքները, ինչը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ երկու երկրների միջև տրանսպորտային կապերի զարգացման համար։
Առևտրաշրջանառության աճի կանխատեսում
Հոդվածում ընդգծվում է, որ սահմանների բացման դեպքում ներկայումս մոտ 300–350 միլիոն դոլար գնահատվող առևտրաշրջանառությունը կարող է զգալիորեն աճել։ Նշվում է, որ ներկայումս առևտուրը հիմնականում իրականացվում է Վրաստանի միջոցով, սակայն ուղիղ սահմանային կապի բացումը կվերացնի միջնորդ երկրներին կախվածությունը։
Ըստ կանխատեսումների՝ լոգիստիկ ծախսերի նվազումը, փոխադրումների արագացումը և շուկաների ուղիղ հասանելիությունը կարող են հանգեցնել նրան, որ Թուրքիա–Հայաստան առևտրաշրջանառությունը կարճ ժամանակում հասնի մինչև 1 միլիարդ դոլարի։
Հոդվածում նաև նշվում է, որ գործընթացը կարող է նպաստել Հարավային Կովկասում տնտեսական ինտեգրման խորացմանը և տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների ընդլայնմանը։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի


















































































