Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առաջիկա ՊետԴումայի ընտրությունները երկրի համար ունեն «չափազանց կարևոր» նշանակություն և հանդիսանում են ներքաղաքական հիմնական իրադարձություններից մեկը։
Այս մասին նա ասել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ անցկացված օպերատիվ խորհրդակցության ընթացքում, որտեղ քննարկվել են նաև ընտրական գործընթացի նախապատրաստման և հասարակական անվտանգության ապահովման հարցերը։
Խորհրդակցությանը զեկույցով հանդես է եկել Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։ Հանդիպմանը մասնակցել են նաև կառավարության, Դաշնային խորհրդի և այլ բարձր պետական կառույցների ղեկավարներ։
Պուտինի խոսքով՝ սեպտեմբերին կայանալիք ընտրությունները հատկապես կարևոր են երկրի քաղաքական համակարգի համար։ Ընտրությունների շրջանակում նախատեսվում է ընտրել նոր պատգամավորներ ՊետԴումայում։
Ռուսական ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրությունները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 20-ին, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ քվեարկությունը կարող է տևել մինչև երեք օր։ Ընդհանուր առմամբ, ընտրական գործընթացի ընթացքում սպասվում է ավելի քան 2,2 հազար տարբեր մակարդակի ընտրական մրցապայքար, որի արդյունքում կբաշխվի շուրջ 20,7 հազար մանդատ և պաշտոն։
Ընտրական գործընթացի նախապատրաստական փուլում շեշտը դրվում է հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման վրա։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




























