Երևանում երթևեկության խցանումների նվազեցման նպատակով նախատեսվում է մարդատար ավտոմեքենաների համար սահմանել որոշակի սահմանափակումներ։ Այս մասին հունիսի 12-ին ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով քաղաքապետարանի աշխատանքները։
Նրա խոսքով՝ մայրաքաղաքում խցանումների հիմնական պատճառը տնտեսական աճն է, որը հանգեցրել է ավտոմեքենաների քանակի զգալի ավելացման։
«Ինչքան էլ մենք զարգացնենք հանրային տրանսպորտը, այն չի կարող արդյունավետ աշխատել առանց մարդատար ավտոմեքենաների նկատմամբ սահմանափակումների»,– նշել է Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ նախատեսվող սահմանափակումները պետք է զուգորդվեն հանրային տրանսպորտի զարգացման հետ՝ առանձնացված և ամբողջական երթուղային գծերի ստեղծմամբ։ Նրա գնահատմամբ՝ նման մոդելներ արդեն գործում են եվրոպական մի շարք քաղաքներում և կիրառվելու են նաև Երևանում՝ կոնկրետ տվյալների վրա հիմնված մոտեցմամբ։
Ավինյանը տեղեկացրել է, որ որոշումների հիմքում լինելու է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի կողմից իրականացվող վերլուծությունը։ Ներկայումս փորձնական ծրագրի շրջանակում չափվում է մայրաքաղաքի մուտքերում ավտոմեքենաների հոսքը, ինչը հնարավորություն կտա ձևավորել ամբողջական պատկեր՝ անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ։
Ըստ նրա՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզ կդառնա, թե որքան ավտոմեքենա է օրական մուտք գործում Երևան, ինչ ծավալի կայանատեղեր են անհրաժեշտ քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև որտեղ պետք է ներդրվեն սահմանափակումներ և ինչպես կազմակերպվեն հանրային տրանսպորտի առանձնացված գծերը։
Քաղաքապետի խոսքով՝ նախնական արդյունքները սպասվում են սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին, իսկ ծրագրի ամբողջական իրականացումը նախատեսվում է 2027 թվականին։
Հեղինակ՝ Անի Վարդանյան




























