Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում շարունակվող G7-ի գագաթնաժողովի երկրորդ օրը կենտրոնացած է Ուկրաինայում պատերազմի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի քննարկումների վրա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով հանդիպմանը մասնակցում է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինային նվիրված քննարկումները տեղի են ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ պատերազմի ավարտի մասին համաձայնագրի հայտարարությունից հետո։ Վերջին շաբաթներին Իրանի շուրջ զարգացումները ստվերել էին արդեն ավելի քան չորս տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմը։
Թրամփը հայտարարել է, որ կիրակի օրը հեռախոսազրույցներ է ունեցել ինչպես Զելենսկու, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ Իրանի հարցի ավարտից հետո ԱՄՆ-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնելու Ուկրաինային։
Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ փորձելու է համոզել Թրամփին շարունակել աջակցությունը Կիևին և մեծացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ՝ խաղաղ համաձայնության հասնելու նպատակով։ Այդ հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և տասնյակ հրթիռներ էր արձակել Ուկրաինայի խոշոր քաղաքների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ։
Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված են նաև Մերձավոր Արևելքում կայունության և ճգնաժամերի հաղթահարմանն ուղղված քննարկումները, որոնց կմիանան Եգիպտոսի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները։
Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև արդյունավետ բանակցությունները պետք է անցկացվեն եվրոպացիների և ամերիկացիների մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ Ուկրաինան պաշտոնապես սկսել է Եվրամիության անդամակցության բանակցությունները, ինչը Կիևը դիտարկում է որպես ապագա անվտանգության կարևոր երաշխիք։
Չնայած վերջին ամիսներին Իրանի պատերազմի հարցում Թրամփի և եվրոպացի առաջնորդների միջև տարաձայնություններին, գագաթնաժողովում կողմերը փորձում են պահպանել համագործակցային մթնոլորտ։ Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է նաև Հորմուզի նեղուցի վերաբացումը, որն առանցքային նշանակություն ունի համաշխարհային նավթային շուկայի համար։
Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը համատեղ հայտարարությամբ ողջունել են ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ այն անվանելով «դիվանագիտական բեկում»։ Հայտարարությանը միացել է նաև Կանադան։
G7-ի կազմում ընդգրկված են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան։ Գագաթնաժողովին որպես հրավիրյալ գործընկերներ մասնակցում են նաև Բրազիլիայի, Հնդկաստանի, Քենիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները։
Հեղինակ՝ Անի Վարդանյան



























