Armenian text to speach

The Independent-ը՝ Ծառուկյանի Հիսուսի արձանի մասին․ Հայաստանի ամենավիճահարույց նախագծերից մեկը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական հեղինակավոր The Independent-ը ծավալուն հոդված է հրապարակել Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կառուցվող Հիսուս Քրիստոսի հսկայական արձանի մասին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես զբոսաշրջային հետաքրքրություն, այլև որպես Հայաստանի ներսում քաղաքական, կրոնական և հասարակական բանավեճերի առարկա։

Հոդվածի հեղինակ Ռիչ Բութը այցելել է Զովունի գյուղ, որտեղ այժմ պահվում են արձանի մասերը։ Պարբերականը գրում է, որ արձանը դեռևս կիսակառույց վիճակում է, սակայն արդեն դարձել է յուրօրինակ զբոսաշրջային կետ․ օտարերկրյա զբոսաշրջիկները կանգ են առնում, լուսանկարվում և դիտում այն ցանկապատի հետևից։

The Independent-ը հիշեցնում է, որ նախագիծը պատկանում է գործարար և քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյան-ին, որին հոդվածում բնութագրում են որպես Հայաստանի ամենահարուստ և միաժամանակ ամենահակասական հանրային դեմքերից մեկին։

Պարբերականը նշում է, որ ավարտից հետո արձանը պետք է ունենա 77 մետր ընդհանուր բարձրություն և գերազանցի աշխարհի հայտնի Քրիստոսի արձաններից շատերին, այդ թվում՝ Բրազիլիայի Christ the Redeemer արձանին։

Հոդվածի առանցքային շեշտադրումներից մեկը վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշմանը։ The Independent-ը հիշեցնում է, որ եկեղեցին բազմիցս դեմ է արտահայտվել նախագծին՝ հայտարարելով, որ այն չի համապատասխանում հայկական դարավոր եկեղեցական և մշակութային ավանդույթներին։ Փոխարենը եկեղեցականները որպես ազգային քրիստոնեական խորհրդանիշ մատնանշում են խաչքարերը։

Բրիտանական պարբերականը նաև անդրադառնում է նախագծի ֆինանսական և հասարակական քննադատություններին։ Հոդվածում նշվում է, որ շատերը հարց են բարձրացնում՝ արդյոք նման ծավալի միջոցները կարելի էր ուղղել այլ նպատակների, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանը շարունակում է բախվել անվտանգության և սոցիալ-տնտեսական մարտահրավերների։

Ուշագրավ է, որ հոդվածը կրոնական թեմայից զատ ընդգծված քաղաքական ենթատեքստ էլ ունի։ The Independent-ը անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ նշելով, որ վերջին ընտրություններում իշխանության պահպանման ֆոնին Ծառուկյանի քաղաքական ուժը չի կարողացել հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը։ Հեղինակը փաստացի արձանի պատմությունը կապում է նաև Ծառուկյանի քաղաքական գործունեության հետ՝ նրան ներկայացնելով որպես ընդդիմադիր քաղաքական դերակատար։

Հոդվածում նշվում է նաև, որ Հայաստանի արևմտյան ուղղվածության, Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի և Ռուսաստանի ազդեցության շուրջ քննարկումների պայմաններում արձանի նախագիծը դարձել է ոչ միայն կրոնական կամ մշակութային, այլև քաղաքական խորհրդանիշների մասին բանավեճի մի մաս։

The Independent-ը եզրափակում է, որ դեռևս պարզ չէ՝ արձանը վերջնականապես կդառնա ազգային հպարտության խորհրդանիշ, կրոնական տեսարժան վայր, թե կիսատ մնացած վիճահարույց նախագիծ, սակայն մի բան արդեն ակնհայտ է՝ այն միջազգային հետաքրքրություն է առաջացրել Հայաստանի նկատմամբ։

Թարգմանությունը՝  Անի Վարդանյանի 




Լրահոս