Հայաստանի քաղաքական դաշտում խոսքի ազատության և զրպարտության շուրջ վեճերը նոր թափ են ստանում։ Ըստ ArmLur.am-ի հասած տեղեկությունների՝ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի դեմ՝ պահանջելով հերքել իր մասին հրապարակված տեղեկությունները և փոխհատուցում վճարել ենթադրյալ զրպարտության համար։
Հրապարակման համաձայն՝ Սիմոնյանը Կարապետյանից պահանջում է 3 միլիոն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև 710 հազար դրամ դատական ծախսերի հատուցում, որից 600 հազար դրամը փաստաբանի վարձատրության, իսկ 110 հազար դրամը պետական տուրքի չափով։
Սակայն դատական գործընթացների ցանկն այսքանով չի սահմանափակվում։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախագահը դատի է տվել նաև Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին։ Այս գործով Սիմոնյանը պահանջում է 1 միլիոն դրամ փոխհատուցում՝ զրպարտության համար, ինչպես նաև 650 հազար դրամ դատական ծախսերի փոխհատուցում։
Սոնա Գրիգորյան























































































