Armenian text to speach

Կալանավորված Դավիթ Ղազինյանը ԿԸՀ-ի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավիթ Ղազինյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները, որոնցով բավարարվել է դատախազության միջնորդությունները և ԿԸՀ-ն համաձայնություն է տվել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և զրկել ազատությունից: Այս մասին հայտնում է Հետքը։

Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սադոյանի, հայցադիմումն ընդունել է վարույթ:

Դատարանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որպես ապացույց պահանջել է հունիսի 17-ի թիվ 260-Ա և թիվ 261-Ա որոշումների կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը ողջ ծավալով, ինչպես նաև ԿԸՀ-ի՝ նույն օրվա արտահերթ նիստի ձայնագրությունները։

Պահանջված ապացույցները ԿԸՀ-ն Վարչական դատարան պետք է ներկայացնի անհապաղ, այն պահից, երբ ստանա դատարանի որոշման օրինակը:

Դատարանը Գլխավոր դատախազությանը ներգրավվել է որպես երրորդ անձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով կայացվելիք դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է Գլխավոր դատախազության վրա։

Գործով դատական նիստը նշանակվել է 2026թ. հունիսի 22-ին:

Նշենք, որ 2026թ. հունիսի 17-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակ նիստում քննել և բավարարել է «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի երեք թեկնածուի՝ Ռոբերտ Քոչարյանի, Դավիթ Ղազինյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: Բացի Ռոբերտ Քոչարյանից, մյուս երկու թեկնածուների մասով դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նաև ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ, որը նույնպես բավարարվել է: Դատարանը Դավիթ Ղազինյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել:

Դավիթ Ղազինյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը, որտեղ խոսվում է Դավիթ Ղազինյանի կողմից 1,4 մլն դրամ ենթադրյալ ընտրակաշառք տալու մասին։

«Չկա այդպիսի գումար, ես չգիտեմ՝ ով ում է տվել, ինչ է արել, չկա այդպիսի գումար»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դավիթ Ղազինյանը:




Լրահոս