Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների 10/51, 12/13 և 36/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։
Հիշեցնենք, որ հենց այս ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով էր նախկինում հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Թեև ԿԸՀ-ն բավարարել է այդ պահանջը, կուսակցությունը շարունակում է դժգոհություն հայտնել ընտրական գործընթացից և պնդում է, որ արձանագրված խախտումները կարող էին ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։
Թեմային ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Գևորգ Ստեփանյանը։ Ստեփանյանի խոսքով՝ իրենք պահանջում են, որպեսզի անվավեր ճանաչված ընտրատեղամասերում անցկացվի վերաքվեարկություն։
«Մենք պահանջել ենք, որ անվավեր ճանաչված ընտրատեղամասերում իրականացվի վերաքվեարկություն։ Ի սկզբանե, երբ ԿԸՀ-ն հայտարարեց, որ որոշ ընտրատեղամասերի արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն, հիմնավորումն այն էր, որ սոցիալական տարբեր հարթակներում տարածվել էին տեսանյութեր, որտեղից պարզ էր դառնում, որ ժամը 20։00-ից հետո քվեարկությունը շարունակվել է ավելի քան մեկ ժամ։ Հանրային մեծ արձագանքի պատճառով՝ որոշվեց անվավեր ճանաչել արդյունքները։ Սակայն հարց է առաջանում՝ ո՞վ է կազմակերպել այդ քվեարկությունը, ո՞վ է զինվորներին բերել ընտրատեղամաս ժամը 20։00-ից հետո քվեարկելու համար՝ ընդդիմությո՞ւնը, թե՞ իշխանությունը»,– նշել է նա։
Ստեփանյանի գնահատմամբ՝ ԿԸՀ-ի որոշման հետևանքով շուրջ 3000 ընտրողի ձայն փաստացի չի հաշվարկվում։ «Ավելի քան 3000 մարդու քվեն պարզապես փոշիանում է»,– ասել է նա։
Անդրադառնալով ընտրական գործընթացին՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ կուսակցությունն ունեցել է վստահված անձինք բոլոր ընտրատեղամասերում և արձանագրել է մի շարք անհամապատասխանություններ։
«Բոլոր ընտրատեղամասերում ունեցել ենք վստահված անձինք։ Տարբերություններ ենք նկատել. օրինակ՝ մի ընտրատեղամասում մենք ստացել ենք 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ-ի հրապարակած տվյալներում նշվել է ընդամենը 1 ձայն։ Էլ ի՞նչ ասենք»,– ընդգծել է Ստեփանյանը։
Նա նաև քննադատել է ընտրությունների կազմակերպման ընթացքը՝ դրանք որակելով աննախադեպ խայտառակ։ «Սրանք աննախադեպ խայտառակ կազմակերպված ընտրություններ էին, որոնց արդյունքում ավելի քան 3000 քաղաքացիների՝ իշխանություն ձևավորելու իրավունքն արտահայտող քվեն պարզապես անտեսվում է։
Տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ ևս արձանագրում են, որ դրանք աննախադեպ խայտառակ ընտրություններ էին»,– եզրափակել է Գևորգ Ստեփանյանը՝ հավելելով, որ այս պահին սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը։
Նանիկ Աղասյան




























