ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին՝ Արման Սարգսյանին։
Հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը դատական հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և իրեն ազատությունից զրկելուն համաձայնություն տալու ԿԸՀ որոշումները։ Դատախազությունը ևս դատարանում ներգրավված է որպես երրորդ անձ։
Նշենք, որ հունիսի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։ Դատախազությունը ներկայացրել էր երկու դիմում՝ հանձնաժողովին խնդրելով համաձայնություն տալ քրեական հետապնդում հարուցելուն և թեկնածուին ազատությունից զրկելուն։
Հունիսի 17-ին ԿԸՀ-ն երկու միջնորդություններն էլ բավարարել էր, և ժամեր անց Դավիթ Ղազինյանը ձերբակալվել էր։ Արդեն հաջորդ օրը՝ առավոտյան, որոշում էր կայացվել նրան երկու ամսով կալանավորելու մասին։
Ղազինյանի կողմից ներկայացված հայցն ընդունվել է վարույթ և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Լիլիթ Սադոյանին։ Վերջինս Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է ներկայացնել հունիսի 17-ի որոշումների կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերն ամբողջ ծավալով, ինչպես նաև արտահերթ նիստի ձայնագրությունները։ ԿԸՀ-ն պետք է դրանք անհապաղ ներկայացնի՝ որոշումը ստանալու պահից։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն և ձայնագրություն էր տարածել, որտեղ նշվում էր Ղազինյանի կողմից 1,4 մլն դրամ ենթադրյալ ընտրակաշառք տալու մասին։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանը, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք։ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,– նշվում էր հաղորդագրությունում։
Դավիթ Ղազինյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
«Չկա այդպիսի գումար, ես չգիտեմ՝ ով ում է տվել, ինչ է արել, չկա այդպիսի գումար։ Նախ, եթե անգամ տեսականորեն դա տրված լիներ, ի՞նչ է նշանակում՝ ես մտել եմ տարածք կամ տվել եմ գումար ինչ-որ մեկին, ասել եմ՝ սա ընտրակաշառքի գումար է։ Աբսուրդ է էլի»,– ասել էր նա։
Քնար Մանուկյան





















































































