ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի ընթացքում ամենաակտիվ և աչքի ընկնող դեմքերից մեկը եղել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը։
Տարածված տեսանյութերում ակնհայտ երևում է, թե ինչպես է բարձրաստիճան պաշտոնյան լարված իրավիճակում հայտնվել միջանցքում՝ ներգրավվելով քաշքշուկի և բախումների մեջ։ Կադրերից տպավորություն է ստեղծվում, որ Մակվեցյանը ոչ թե փորձում էր կանխել իրավիճակի սրացումը, այլ հակառակը՝ ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում տեղի ունեցող իրադարձություններին։
Ավելին, տեսանյութում նկատելի է, որ ստեղծված խառնաշփոթի պայմաններում նա սկզբում գետնին է տապալում նույնիսկ իր թիմակցին, ինչից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ «Արսեն, Արսեն, հանգիստ» կոչերից հետո միայն որոշ չափով զսպում է իր գործողությունները։
Սակայն այստեղ առաջանում է առավել կարևոր հարցը․ արդյո՞ք Երևանի քաղաքապետարանի վարչության պետի գործառույթների մեջ մտնում է քաղաքական կամ ընդդիմադիր գործիչների հետ ֆիզիկական առճակատման մասնակցելը։ Եվ արդյո՞ք հանրային պաշտոն զբաղեցնող անձի նման վարքագիծը համատեղելի է պետական ծառայողի կարգավիճակի հետ։
Իսկ ո՞վ է այն պաշտոնյան, որը երեկ հայտնվել էր քաղաքապետարանի միջանցքի իրադարձությունների կենտրոնում։
Արսեն Մակվեցյանը ծնվել է 1981 թվականի հուլիսի 25-ին՝ Երևանում։
1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 136 միջնակարգ դպրոցը,
1998-2002 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում,
2002-2004 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում,
2004-2007 թվականներին աշխատել է Քանաքեռ-Զեյթունի թիվ 1 մարզադպրոցում,
2007-2016 թվականներին աշխատել է «Դինամո» ՄՀԿ-ում,
2012-2013 թվականներին աշխատել է Արաբկիր վարչական շրջանում,
2013-2016 թվականներին աշխատել է Չինաստանի «Լիաոնինգ» ակումբում,
2018-2019 թվականներին աշխատել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում,
2019-2020 թվականներին եղել է Քաթարի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը,
2020-2021 թվականներին եղել է «Շվեյցարական Սպորտինգ» ակումբի գլխավոր մարզիչը,
2022 թվականին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ։
Երեկվա միջադեպից հետո, սակայն, հանրության մի մասի համար Մակվեցյանի կենսագրության ամենահիշվող հատվածը ոչ թե նրա մարզական կամ վարչական գործունեությունն է, այլ քաղաքապետարանի միջանցքում արձանագրված վարքագիծը, որը դեռ երկար քննարկումների թեմա է մնալու։
Սոնա Գրիգորյան
Ծեծկռտուքի տեսանյութը՝ ստորև․




























