Armenian text to speach

«Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը». Փորձագետն ահազանգում է նոր նախագծի վտանգների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, «CyberHUB-AM»-ի համահիմնադիր Արթուր Պապյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել և քննադատել կառավարության կողմից հավանության արժանացած նոր նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում ներդնել բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան։ Թեև փոփոխությունները ներկայացվում են որպես ստվերի և հեռախոսների գողության դեմ պայքարի միջոց, փորձագետը պնդում է, որ իրականում ստեղծվում է քաղաքացիներին վերահսկելու և անձնական տվյալները վտանգելու հզոր գործիք։

Ինչո՞ւ է նախագիծը վտանգավոր. Փորձագետի 4 հիմնական հակափաստարկները

Իր գրառման մեջ Արթուր Պապյանը մանրամասնել է այն իրական սպառնալիքները, որոնք թաքնված են տեխնիկական և «անմեղ» թվացող այս ձևակերպումների հետևում.

  • Տոտալ վերահսկողության հաստատում. Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ փոխկապակցվելու են քաղաքացու անձնագիրն ու անձնական տվյալները, հեռախոսի սարքային կոդը (IMEI) և բոլոր SIM/eSIM քարտերը։ Սա պետությանը հնարավորություն կտա ցանկացած պահի ճշգրիտ տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում։
  • Կիբեռանվտանգության խոցելիություն. Ամբողջ հանրապետության հեռախոսների և քաղաքացիների տվյալների մեկտեղումը «երազանք է ցանկացած կիբեռհանցագործի համար»։ Համակարգի կոտրվելու դեպքում (իսկ անխոցելի համակարգեր չկան) յուրաքանչյուր քաղաքացու անվտանգություն կհայտնվի հարվածի տակ։
  • Համակարգային խափանումների ռիսկ. Եթե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող բազան խափանվի, օպերատորները ստիպված կլինեն անջատել կապը։ Որպես նախադեպ՝ փորձագետը հիշեցնում է առաջին դասարանցիների գրանցման բազայի վերջին խափանումը, որը չէր դիմացել անգամ 20,000 ծնողի միաժամանակյա մուտքին։
  • Տվյալների անհայտ և ոչ նպատակային օգտագործում. Նախագիծը թույլ է տալիս բազայի Ադմինիստրատորին հավաքված տվյալներով «թվային այլ ծառայություններ» մատուցել պետական, տեղական մարմիններին և անգամ մասնավոր ընկերություններին։

Անդրադառնալով նախագծի այն հիմնավորմանը, թե այն կօգնի պայքարել գողությունների դեմ, Պապյանը նշել է.

«Ձեզնից քանիսի՞ կամ ձեր ընկերների հետ է պատահել այսպիսի դեպք․ գողացել են հեռախոսը, դուք տուփով, IMEI կոդով դիմել եք ոստիկանություն, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չեք ստացել։ Մինչդեռ սիրտս վկայում է՝ եթե խոսքը ցուցարարների կամ քննադատ լրագրողների մասին լինի, հինգ րոպեից IMEI-ով տեղը կհայտնաբերեն ու մասկի-շոու կանեն»։

Ի՞նչ է ենթադրում Կառավարության նոր օրինագիծը

Անվտանգության մասնագետների մտահոգությունների կենտրոնում հայտնված նախագիծը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթն է, որով պետք է ձևավորվի IMEI կոդերի շտեմարան և դրա սպասարկման Ադմինիստրատոր:

Ըստ նախագծի, սահմանվում են հետևյալ կանոնները.

  1. Ծառայության պարտադիր կասեցում. Բջջային օպերատորները կմերժեն ծառայության մատուցումը (կանջատեն կապը), եթե տվյալ հեռախոսի IMEI կոդը գրանցված չլինի շտեմարանում։
  2. Կանոններ զբոսաշրջիկների համար. Հայաստան ժամանած և ռոումինգից օգտվող անձանց կապը կանջատվի պետական սահմանը հատելուց 30 օրացուցային օր անց, եթե հեռախոսը չգրանցվի համակարգում։
  3. Ներմուծում անձնական կարիքների համար. Քաղաքացիները պարտավոր կլինեն անձնական օգտագործման համար ներմուծված հեռախոսները գրանցել և պետական տուրք վճարել՝ սահմանը հատելուց հետո 6 ամսվա ընթացքում:
  4. Բացառություններ. Պահանջը տարածվում է միայն ռադիոմոդուլ ունեցող դասական բջջային հեռախոսների վրա։ Պլանշետները, սմարթ ժամացույցները, մոդեմներն ու ռոութերները գրանցման ենթակա չեն։

Նախագծով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից մեկ տարի անց։ Մինչև այդ պահը երկրում արդեն իսկ շահագործվող բոլոր բջջային հեռախոսները բազայում կգրանցվեն ավտոմատ կերպով՝ առանց որևէ գրանցման համար նախատեսված պետական տուրքի վճարման։

Ա․ Վարդանյան

 




Լրահոս