Armenian text to speach

7 տարի ԱԺ-ում, «Էռատո» ջոկատում. ինչպե՞ս է խորհրդարանից հեռանում Մերի Գալստյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի 8-րդ գումարման ավարտին իշխանական պատգամավորների հայտարարագրերը շարունակում են բազմաթիվ հարցեր առաջացնել։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը, որի պաշտոնավարման հինգ տարիների ֆինանսական պատկերը բավականին հակասական է։

Մերի Գալստյանը խորհրդարան է մտել 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ որպես «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ։

Ըստ նրա Հայտարարագրերի, 2021-2025 թվականներին պատգամավորը չի հայտարարագրել որևէ բնակարան, տուն, հողամաս, ավտոմեքենա, բանկային ավանդ, բաժնեմաս, արժեթուղթ կամ այլ արժեքավոր ակտիվ։

Փոխարենը տարեցտարի աճել են նրա վարկային պարտավորությունները։

2021 թվականին Մերի Գալստյանը ստացել է շուրջ 7,3 միլիոն դրամ աշխատավարձ և միաժամանակ վերցրել է 7 միլիոն դրամի վարկեր։ Այդ ժամանակ որևէ ակտիվ դեռևս չի հայտարարվել։

2022 թվականին պատգամավորի միակ եկամուտը կազմել է 8,2 միլիոն դրամ աշխատավարձը, սակայն նա արդեն ունեցել է 6,4 միլիոն դրամ վարկային պարտավորություն։ Միաժամանակ միայն բնակարանի վարձակալության համար վճարել է ավելի քան 3,2 միլիոն դրամ, իսկ վարկերի մարման համար՝ ևս 2,1 միլիոն դրամ։

2023 թվականը դարձել է ամենաակտիվ ֆինանսական տարիներից մեկը։ Ընդհանուր եկամուտները կազմել են ավելի քան 24 միլիոն դրամ, սակայն դրանցից 13,6 միլիոն դրամը ոչ թե աշխատավարձ է եղել, այլ նոր վարկեր։ ԱԿԲԱ բանկից, Էվոկայից, HSBC-ից և Ամերիաբանկից ստացված վարկային միջոցների արդյունքում պարտքային բեռը շարունակել է աճել։

2024 թվականին պատգամավորի աշխատավարձն արդեն գերազանցել է 10,8 միլիոն դրամը, սակայն վարկերի մնացորդը հասել է 15,6 միլիոն դրամի։

Իսկ արդեն 2025 թվականի ավարտին, երբ Մերի Գալստյանը փաստացի ավարտում է իր պատգամավորական գործունեությունը, նրա պարտավորությունները հասել են 23,1 միլիոն դրամի։

Ուշագրավ է, որ այս ամբողջ ժամանակահատվածում պատգամավորը շարունակել է բնակարան վարձակալել՝ տարեկան միջինը 3 միլիոն դրամի չափով ծախս կատարելով, սակայն այդպես էլ որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։

Ստացվում է, որ ՔՊ պատգամավոր Մերի Գալստյանի պաշտոնավարման տարիները նշանավորվել են ոչ թե անձնական ակտիվների կուտակմամբ, այլ պարտքերի հետևողական աճով։ Եթե 2022 թվականին նրա պարտքը կազմում էր 6,4 միլիոն դրամ, ապա ընդամենը երեք տարի անց այն գրեթե քառապատկվել է՝ հասնելով 23,1 միլիոն դրամի։

Հարցն արդեն միայն հայտարարագրերի թվերը չեն։ Հարցն այն է, թե ինչպես է հնարավոր հինգ տարի շարունակ ստանալ աճող աշխատավարձ, չունենալ հայտարարագրված որևէ գույք, բայց միաժամանակ տարեցտարի մեծացնել վարկային բեռը։

Եվ սա այն ֆոնին, երբ 2026 թվականի նոր գումարման խորհրդարանում Մերի Գալստյանն այլևս չի լինի, սակայն նրա ֆինանսական պատմությունը շարունակելու է հարցեր առաջացնել հանրության շրջանում։

Նշենք, որ Մերի Գալստյանը 44-օրյա պատերազմի օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ջոկատ էր կազմել սահման մեկնելու համար, պարզվեց Մերի Գալստյանը եւս «Էռատո» ջոկատում է, որոնց այդպես էլ չհաջողվեց մարտի դաշտ հասնել:

Սոնա Գրիգորյան




Լրահոս