Ռուսաստանի կողմից այս շաբաթ Կիևի վրա իրականացված զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ փրկարարները փլատակների տակից հայտնաբերել են ևս երեք զոհի մարմին։
Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 2-ի գիշերը, երբ ռուսական ուժերը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին։ Կիևի իշխանությունների տվյալներով՝ թիրախավորվել է քաղաքի ավելի քան 20 վայր, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 90-ը։ Քաղաքապետը կատարվածը բնութագրել է որպես Մոսկվայի կողմից Կիևի դեմ իրականացված «ամենազանգվածային հարձակումը»։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխանցմամբ՝ Ռուսաստանը կիրառել է ընդհանուր առմամբ 570 օդային հարձակման միջոց, այդ թվում՝ չորս «Ցիրկոն» հրթիռ, 24 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 496 «Շահեդ» տեսակի հարվածային անօդաչու թռչող սարք։
Հարվածների հետևանքով ոչնչացվել է նաև Ուկրաինայի Կարմիր խաչի Կիևի մարդասիրական պահեստը։ Կազմակերպության գնահատմամբ՝ կորուստների արժեքը կազմում է շուրջ 1,5 միլիոն եվրո՝ ներառյալ մարդասիրական օգնությունն ու սարքավորումները։
Ռուսական հարձակումը կոշտ արձագանք է ստացել եվրոպացի պաշտոնյաների կողմից։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ առաջարկելու է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին աջակցող կազմակերպությունների նկատմամբ։
«Որքան Մոսկվան շարունակի հարվածել խաղաղ բնակչությանը, այնքան ավելի խիստ պատժամիջոցներ պետք է կիրառվեն», – նշել է նա։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Սումիի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երկու կին, ևս մեկ տղամարդ վիրավորվել է։ Զապորոժիեի մարզում էլ ռուսական հարվածների հետևանքով տուժել է առնվազն 11 մարդ։
Կիևի վրա հարձակումից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կրկին կոչ է արել ուժեղացնել երկրի հակաբալիստիկ պաշտպանությունը՝ նշելով, որ ամերիկյան «Patriot» համակարգերի հրթիռների պաշարները նվազում են։
«Եթե ՆԱՏՕ-ն դեռևս նշանակություն ունի իր դաշնակիցների համար, ապա Եվրոպան պետք է ունենա բավարար սեփական կարողություններ՝ պաշտպանվելու բոլոր տեսակի սպառնալիքներից, այդ թվում՝ ռուսական բալիստիկ հրթիռներից», – հայտարարել է Զելենսկին։
Նա նաև նշել է, որ Ուկրաինան վաղուց է քննարկում ԱՄՆ-ի հետ «Patriot» համակարգերի արտադրության լիցենզավորման հարցը և ընդգծել, որ մարդկանց կյանքը պաշտպանելու համար անհրաժեշտ է կազմակերպել եվրոպական արտադրություն հենց Ուկրաինայի տարածքում։
Անի Վարդանյան




























