Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։ Տեղեկությունը հրապարակվել է միջոցառման պաշտոնական ծրագրում, որտեղ վարչապետը ներառված է որպես գլխավոր ռազմավարական նստաշրջանի բանախոս։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փաշինյանի այցի մասին հայտնի է դարձել նախօրեին, ինչի հետևանքով փոփոխություններ են կատարվել բարձրաստիճան հյուրերի այցելությունների և պաշտոնական արարողակարգի ժամանակացույցում։
Առայժմ չի հաղորդվում, թե ինչ երկկողմ հանդիպումներ կամ բանակցություններ է նախատեսում Հայաստանի վարչապետը Ռուսաստանի այցի շրջանակում։ Սակայն ռուսական աղբյուրների գնահատմամբ՝ նրա մասնակցությունը դիտարկվում է որպես կարևոր քաղաքական ազդակ՝ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ընթացող քննարկումների ֆոնին։
Նիկոլ Փաշինյանը, ըստ ծրագրի, հուլիսի 7-ին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ կմասնակցի ցուցահանդեսի գլխավոր ռազմավարական նստաշրջանին և հանդես կգա ելույթով։ «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը կանցկացվի հուլիսի 6-9-ը Եկատերինբուրգում։
Սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցը Ռուսաստան է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։
Անի Վարդանյան




























