ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձևավորված ջերմ հարաբերությունները նոր քաղաքական առավելություններ են ստեղծում Անկարայի համար՝ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովից առաջ։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփը, որը վերջին տարիներին հաճախ քննադատել է եվրոպացի առաջնորդներին, պատրաստվում է մասնակցել Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ Էրդողանի անձնական հրավերով։
Թրամփը հրապարակայնորեն ընդգծել է իր բարեկամական հարաբերությունները Թուրքիայի նախագահի հետ՝ նրան անվանելով «հիանալի առաջնորդ» և նշելով, որ իր այցը պայմանավորված է Էրդողանի անձնական խնդրանքով։
Լրատվամիջոցների գնահատմամբ՝ այս հարաբերությունները կարող են նաև քաղաքական և ռազմական նշանակություն ունենալ․ ԱՄՆ նախագահը ակնարկել է հնարավոր նոր զարգացումների մասին, որոնք կարող են վերաբերվել Թուրքիայի կողմից տարիներ առաջ արգելված F-35 կործանիչների վաճառքին, ինչպես նաև ռազմական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը։
Թուրքիան 2019 թվականին հեռացվել էր F-35 ծրագրից՝ ռուսական S-400 հակաօդային համակարգեր ձեռք բերելու պատճառով, ինչը լուրջ տարաձայնություններ էր առաջացրել Վաշինգտոնի հետ։
Սակայն վերջին շրջանում կողմերի հարաբերությունները նկատելիորեն բարելավվել են․ ԱՄՆ վարչակազմը քննարկում է նաև թուրքական KAAN կործանիչների համար անհրաժեշտ շարժիչների վաճառքը, ինչը կարող է զգալիորեն ուժեղացնել Անկարայի ռազմական արդյունաբերությունը։
Վերլուծաբանների խոսքով՝ Թրամփի և Էրդողանի անձնական շփումները թույլ են տալիս Թուրքիային ավելի ակտիվ դեր ունենալ ՆԱՏՕ-ում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն և Եվրոպան բախվում են դաշնակցային հարաբերությունների լարվածությունների։
Մասնագետները նշում են նաև, որ երկու ղեկավարների հաճախակի հեռախոսային շփումները և քաղաքական համաձայնությունները ձևավորում են նոր դինամիկա ԱՄՆ–Թուրքիա հարաբերություններում՝ հատկապես Մերձավոր Արևելքում և ՆԱՏՕ-ի շրջանակներում ընթացող գործընթացների ֆոնին։
Թուրքական կողմը, իր հերթին, ընդգծում է, որ հարաբերությունները Վաշինգտոնի հետ մտնում են «նոր փուլ», որտեղ անձնական դիվանագիտությունը կարևոր դեր է խաղում երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում։
Անի Վարդանյան


















































































