Armenian text to speach

Փոխնախարար Խոջոյանի ունեցվածքը. ինչ մեքենա է ձեռք բերել նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին հինգ տարիներին պաշտոնյայի ունեցվածքային կառուցվածքում էական փոփոխություններ չեն արձանագրվել անշարժ գույքի մասով, մինչդեռ զգալիորեն աճել են նրա վարկային պարտավորությունները, իսկ 2025 թվականին հայտարարվել է նաև նոր ավտոմեքենայի ձեռքբերում։

2025 թվական․ Jaguar-ի ձեռքբերում և ավելի քան 39 միլիոն դրամ պարտավորություններ

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Արման Խոջոյանը շարունակում է համատեղ սեփականության իրավունքով տնօրինել Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող երկու բնակարան և ավտոկայանատեղի, որոնք ձեռք են բերվել համապատասխանաբար 1995 և 2017 թվականներին։

Տրանսպորտային միջոցների ցանկում այս տարի արձանագրվել է փոփոխություն. մարտի 21-ին փոխնախարարը 9,5 մլն դրամով ձեռք է բերել 2017 թվականի արտադրության Jaguar մակնիշի ավտոմեքենա։ Հատկանշական է, որ նախորդ տարիներին նրա հայտարարագրերում որևէ տրանսպորտային միջոց նշված չէր։

Ֆինանսական ակտիվների մասով բանկային ավանդները տարեսկզբի շուրջ 5,4 մլն դրամից աճել են մինչև 7 մլն դրամ, իսկ կանխիկ միջոցները տարեվերջին կազմել են 1,85 մլն դրամ։

Միևնույն ժամանակ, պաշտոնյայի պարտավորությունները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա։ Հայտարարագրված են շուրջ 29,1 մլն դրամի վարկային պարտավորություններ՝ կապված բնակարանային և հիպոտեկային ծրագրերի հետ, ինչպես նաև 10,4 մլն դրամի պարտքային հարաբերություններ «Օրդ Դեվելոփմենթ» ընկերության նկատմամբ։ Ընդհանուր առմամբ պարտավորությունները գերազանցում են 39 մլն դրամը։

Տարվա ընթացքում Խոջոյանի ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 20,9 մլն դրամ, որից 18,5 մլն դրամը ստացվել է Էկոնոմիկայի նախարարությունից՝ որպես աշխատավարձ։

Հայտարարագրում նշվում է նաև, որ պաշտոնյան անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և ներգրավված է մի շարք կառույցներում, այդ թվում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդում։

2024 թվական․ պահպանվող գույք և ծանր վարկային բեռ

2024 թվականին Արման Խոջոյանի տարեկան եկամուտը կազմել է շուրջ 18,53 մլն դրամ։ Դրա հիմնական մասը՝ 15,2 մլն դրամը, ձևավորվել է նախարարությունից ստացված աշխատավարձի հաշվին, իսկ մնացածը՝ եկամտային հարկի վերադարձից և բանկային ավանդների տոկոսներից։

Անշարժ գույքի կազմում փոփոխություններ չեն արձանագրվել, իսկ տրանսպորտային միջոց պաշտոնյան չի հայտարարագրել։

Բանկային ավանդների ծավալը կազմել է մոտ 5,4 մլն դրամ, մինչդեռ կանխիկ միջոցները տարեվերջին նվազել են մինչև 1,75 մլն դրամ։

Այս տարում ևս պահպանվել է զգալի պարտքային բեռը․ ընդհանուր պարտավորությունները գերազանցել են 30 մլն դրամը՝ կապված ինչպես հիպոտեկային վարկերի, այնպես էլ «Օրդ Դեվելոփմենթ» ընկերության նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ։

2023 թվական․ աշխատավարձը՝ հիմնական եկամտի աղբյուր

2023 թվականին փոխնախարարի ընդհանուր եկամուտները կազմել են մոտ 19 մլն դրամ, որից 16,9 մլն դրամը ձևավորվել է աշխատավարձից, իսկ շուրջ 2,1 մլն դրամը՝ ՊԵԿ-ից ստացված այլ եկամուտներից։

Գույքային վիճակում փոփոխություններ չեն արձանագրվել․ պաշտոնյան շարունակել է տնօրինել նույն անշարժ գույքը, իսկ տրանսպորտային միջոց չի ունեցել։

Բանկային ավանդները կազմել են 5,4 մլն դրամ և շուրջ 18,5 հազար դրամին համարժեք արտարժույթ, սակայն հաշիվների մնացորդները նվազել են՝ հասնելով 10,6 հազար ԱՄՆ դոլարի և 5,8 հազար դրամի։ Կանխիկ միջոցները ևս նվազել են՝ կազմելով 2 մլն դրամ։

Պարտավորությունները 2023 թվականին կազմել են մոտ 22,1 մլն դրամ, որոնցից 20,6 մլն դրամը բաժին է ընկել հիպոտեկային վարկին։

2022 թվական․ առանց գույքային փոփոխությունների

2022 թվականին Արման Խոջոյանը չի իրականացրել անշարժ կամ շարժական գույքի ձեռքբերում կամ օտարում։

Տարեկան եկամուտը կազմել է շուրջ 17,2 մլն դրամ՝ հիմնականում նախարարությունից ստացված աշխատավարձի և ՊԵԿ-ից ստացված վճարումների հաշվին։

Ֆինանսական ակտիվների մասով արձանագրվել է աճ․ ավանդները հասել են 5,5 մլն դրամի և 12,2 հազար ԱՄՆ դոլարի, իսկ դոլարային հաշվին առկա է եղել մոտ 20 հազար դոլար։

Միևնույն ժամանակ կանխիկ միջոցները շարունակել են նվազել՝ 4,8 մլն դրամից հասնելով 2,5 մլն դրամի։ Հիպոտեկային վարկի մնացորդը կազմել է մոտ 21,4 մլն դրամ։

2021 թվական․ Mercedes-Benz-ի վաճառք

2021 թվականին Արման Խոջոյանը հայտարարագրել է 17,1 մլն դրամ ընդհանուր եկամուտ, որը ձևավորվել է Էկոնոմիկայի նախարարությունից, ՊԵԿ-ից, ինչպես նաև Ագրարային և Ամերիկյան համալսարաններից ստացված վճարումների հաշվին։

Նույն տարում պաշտոնյան 9,500 ԱՄՆ դոլարով օտարել է իրեն պատկանող 2002 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան Նարեկ Խոջոյանին։ Դրանից հետո մինչև 2025 թվականը նրա անունով որևէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրվել։

2021 թվականին աճել են բանկային ավանդներն ու հաշիվների մնացորդները, մինչդեռ կանխիկ միջոցները նվազել են՝ 6 մլն դրամից հասնելով 4,8 մլն դրամի։

Հատկանշական է, որ այդ տարվա հայտարարագրում վարկային պարտավորությունների կամ խոշոր պարտքերի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել, մինչդեռ հաջորդ տարիներին պաշտոնյայի պարտքային բեռը սկսել է աստիճանաբար աճել՝ 2025 թվականին գերազանցելով 39 մլն դրամը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս