Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը այլևս չի լինի նոր գումարման խորհրդարանում։ Նրա փոխարեն խորհրդարանում իր գործունեությունը կշարունակի ամուսինը՝ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը, որը կրկին մանդատ է ստացել իշխող ուժի համապետական ցուցակով։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, պատգամավոր Լենա Նազարյանի տարբեր տարիների տարեկան հայտարարագրերը՝ պարզելու, թե ինչ ունեցվածքով է նա հեռանում խորհրդարանից։
Նազարյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր թիմի անդամներից, զբաղեցրել է կուսակցության վարչության փոխնախագահի պաշտոնը, 2017 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2019-2021 թվականներին զբաղեցրել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։ 2021 թվականի ընտրություններից հետո կրկին ընտրվել է պատգամավոր ՔՊ համապետական ցուցակով։
Հատկանշական է, որ Լենա Նազարյանը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
Մինչ «թավշյա» հեղափոխությունը՝ ընդդիմադիր պատգամավոր Լենա Նազարյանը ձեռք էր բերել 27 մլն 200 հազար դրամ արժողությամբ անշարժ գույք Կոտայքի մարզի Առինջ համայնքում: Իսկ 2018 թվականին արդեն նա հայտարարագրել է 1 միլիոն դրամ դրամական միջոցներ և 6 միլիոն 537 հազար դրամի չափով տարեկան եկամուտներ:
2019 թվականին հայտարարագրերել էր համատեղ սեփականություն բնակարան բազմաբնակարան շենքում՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքում, որը ձեռք է բերել 2017 թվականին, ինչպես նաև՝ նորակառույց շինություն՝ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում համատեղ սեփականություն, որը ստացել է 2009 թվականին ժառանգությամբ:
Բանկային հաշիվների մնացորդները տարեսզկբին կազմել են 1 միլիոն դրամ, տարեվերջին արդեն՝ 3 միլիոն դրամ:
Լենա Նազարյանը 2019 թվականին ստացել է նաև 12 միլիոն 437 հազար դրամի չափով աշխատավարձ:
2020 թվականի տարեսկզբին պատգամավորի բանկային հաշվի վրա առկա 1 միլիոն դրամը տարեվերջում կազմել է 2 միլիոն դրամ, նրա աշխատավարձը 2020 թվականին կազմել է շուրջ 10 միլիոն դրամ:
2021 թվական. երկու անշարժ գույք, 9.4 մլն դրամ աշխատավարձ և 21.5 մլն դրամ հիփոթեք
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ 2021 թվականի հայտարարագրում Լենա Նազարյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը, որը ձեռք է բերվել 2017 թվականին գնման եղանակով, և Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող համատեղ սեփականությամբ բնակելի տունը, որը ստացել է ժառանգությամբ 2009 թվականին։
Բանկային հաշիվներում տարվա սկզբին առկա է եղել 1 մլն դրամ, իսկ տարվա վերջում՝ 1 մլն 843 հազար 831 դրամ։ Կանխիկ դրամ, կրիպտոարժույթ կամ էլեկտրոնային հաշիվներ չեն հայտարարագրվել։
2021 թվականին Ազգային ժողովից աշխատանքի վարձատրության տեսքով ստացել է 9 մլն 446 հազար 830 դրամ եկամուտ։
Տարվա ավարտի դրությամբ ունեցել է 21 մլն 520 հազար 15 դրամ հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդ։
2022 թվական. 24.3 մլն դրամով ձեռք է բերում Ծաղկաձորի բնակարանը
2022 թվականը Լենա Նազարյանի հայտարարագրում առանձնանում է նոր անշարժ գույքի ձեռքբերմամբ։
Տարվա ընթացքում նա համատեղ սեփականությամբ ձեռք է բերել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող բնակարան, որի արժեքը կազմել է 24 մլն 336 հազար դրամ։ Վաճառողը եղել է «Ալվինա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն։
Տարվա ավարտին արդեն հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ Առինջի բնակարանը, Նորք-Մարաշի բնակելի տունը և նոր գնված Ծաղկաձորի բնակարանը։
Տրանսպորտային միջոցներ, արժեթղթեր, ներդրումներ, ավանդներ, թանկարժեք գույք, կանխիկ դրամ և կրիպտոարժույթ չեն հայտարարագրվել։
Բանկային հաշիվներում տարվա վերջում ունեցել է 888 հազար 633 դրամ և ևս մեկ հաշվին՝ 157 հազար 411 դրամ։
2022 թվականին ընդհանուր եկամուտը կազմել է 10 մլն 866 հազար 522 դրամ, որից 8 մլն 17 հազար 52 դրամը՝ աշխատավարձ, 1 մլն 314 հազար 710 դրամը՝ ԱյԴի Բանկից ստացված տոկոսային եկամուտ, 1 մլն 500 հազար դրամը՝ բնակարանի վարձակալությունից, իսկ 34 հազար 760 դրամը՝ քաղաքացիաիրավական պայմանագրով ստացված եկամուտ։
Հիփոթեքային երկու վարկերի մնացորդները կազմել են 24 մլն 62 հազար 513 դրամ և 20 մլն 517 հազար 232 դրամ։ Ընդհանուր վարկային պարտավորությունը հասել է 44 մլն 579 հազար 745 դրամի։
Բացի այդ, նույն տարում հանգստի նպատակով ճանապարհածախսի և կեցության համար իրականացրել է 2 մլն 100 հազար դրամ ծախս։
2023 թվական. եկամուտներն անցնում են 14.3 մլն դրամը
2023 թվականի ավարտին Լենա Նազարյանը պահպանել է նույն երեք անշարժ գույքը։
Տարվա վերջում բանկային ավանդը կազմել է 1 մլն 200 հազար դրամ։
Բանկային հաշիվներում ունեցել է 2 մլն 981 հազար 491 դրամ և 292.59 եվրո։
Ընդհանուր եկամուտը կազմել է 14 մլն 347 հազար 867 դրամ, որից 10 մլն 74 հազար 359 դրամը՝ աշխատավարձ, 2 մլն դրամը՝ բնակարանի վարձակալությունից, իսկ 2 մլն 273 հազար 508 դրամը՝ ՊԵԿ-ից ստացված այլ եկամուտ։
Վարկային պարտավորությունները կազմել են 42 մլն 833 հազար 777 դրամ։
2024 թվական. 14.5 մլն դրամ եկամուտ, փակված ավանդ և ավելի քան 40.8 մլն դրամ պարտավորություն
2024 թվականին անշարժ գույքի կազմում փոփոխություններ չեն եղել։
Պահպանվել են երեք անշարժ գույքերը, տրանսպորտային միջոցներ, արժեթղթեր և ներդրումներ չեն հայտարարագրվել։
Տարվա սկզբին ունեցած 2 մլն դրամ բանկային ավանդը տարվա ընթացքում փակվել է։
«Անտարես» ԿՀԿ-ին տրված անտոկոս փոխառության մնացորդը կազմել է 3 մլն 800 հազար դրամ։
Բանկային հաշիվներում տարվա վերջում ունեցել է 268 հազար 829 դրամ, երկրորդ հաշվին՝ 2 մլն 473 հազար 927 դրամ, ինչպես նաև 297.71 եվրո։
2024 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 14 մլն 526 հազար 723 դրամ, որից 10 մլն 222 հազար 592 դրամը՝ աշխատավարձ, 2 մլն 213 հազար 865 դրամը՝ եկամտային հարկի վերադարձ, 90 հազար 266 դրամը՝ ԱյԴի Բանկից ստացված տոկոսային եկամուտ, իսկ 2 մլն դրամը՝ ստացված փոխառություն։
Տարվա ավարտին հայտարարագրել է ավելի քան 40.8 մլն դրամի վարկային պարտավորություններ։
2025 թվական. երեք անշարժ գույք, 10.6 մլն դրամ եկամուտ և շուրջ 38.6 մլն դրամ վարկ
2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Լենա Նազարյանի գույքային կազմում կրկին փոփոխություն չի եղել։
Նա պահպանել է Առինջի և Ծաղկաձորի բնակարանները, ինչպես նաև Նորք-Մարաշի բնակելի տունը։ Նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։
Տրանսպորտային միջոցներ, ավանդներ, ներդրումներ, արժեթղթեր և թանկարժեք գույք կրկին չեն հայտարարագրվել։
«Անտարես» ԿՀԿ-ին տրված անտոկոս փոխառության մնացորդը տարվա վերջում կազմել է 3 մլն 410 հազար 230 դրամ։
Բանկային հաշիվներում ունեցել է 103 հազար 660 դրամ, մեկ այլ հաշվին՝ 2 մլն 221 հազար 448 դրամ, ինչպես նաև 297.71 եվրո։
2025 թվականի ընթացքում ընդհանուր եկամուտը կազմել է 10 մլն 593 հազար 949 դրամ, որից 8 մլն 918 հազար 764 դրամը՝ աշխատավարձ, 1 մլն 330 հազար 985 դրամը՝ եկամտային հարկի վերադարձ, իսկ 344 հազար 200 դրամը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված այլ եկամուտ։
Հաշվետու տարվա ավարտին ունեցել է երկու հիփոթեքային վարկ, որոնց մայր գումարի մնացորդները կազմել են 21 մլն 973 հազար 981 դրամ և 16 մլն 649 հազար 337 դրամ։ Ընդհանուր վարկային պարտավորությունը կազմել է 38 մլն 623 հազար 318 դրամ։
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Լենա Նազարյանը խորհրդարանից հեռանում է երեք անշարժ գույքով՝ երկու բնակարան և մեկ բնակելի տուն, առանց ավտոմեքենաների, ներդրումների կամ թանկարժեք գույքի։ Միաժամանակ նա շարունակում է ունենալ զգալի հիփոթեքային պարտավորություններ, որոնք 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են ավելի քան 38.6 մլն դրամ։ Իսկ քաղաքական գործունեությունը ընտանիքում շարունակվելու է՝ նրա ամուսինը՝ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը, ընդգրկված է լինելու արդեն 2026 թվականի նոր գումարման Ազգային ժողովում։
Սոնա Գրիգորյան
























































































