Հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գարիկ Աբեքյանը, որի վարույթում է գտնվում այն միջնորդությունը, որով պետք է որոշվի՝ կիրառել կալանքը որպես խափանման միջոց, թե ոչ, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գարիկ Աբեքյանը ծնվել է 1993 թվականի փետրվարի 23-ին՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
Կրթությունը
2010 թվականին ավարտել է Գորիսի թիվ 2 դպրոցը։
2011-2013 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
2016 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2018 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ գերազանց առաջադիմությամբ։
2023 թվականից Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի հայցորդ է։
Մասնագիտական ուղին
Իրավաբանական ոլորտում նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է 2016 թվականին, երբ նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնական։
Այնուհետև աշխատել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամում՝ որպես կարճաժամկետ փորձագետ։
2019-2021 թվականներին զբաղեցրել է դատախազի և ավագ դատախազի պաշտոններ Սյունիքի մարզի դատախազությունում, այնուհետև՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում։
2022 թվականին տեղափոխվել է Արդարադատության նախարարություն, որտեղ նախ աշխատել է Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնում որպես փորձագետ, ապա ղեկավարել է Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչությունը։
2023 թվականի հուլիսի 6-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-228-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2024 թվականից նա պաշտոնավարում է որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր։
Հենց դատավոր Գարիկ Աբեքյանն է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը և կայացնելու համապատասխան դատական ակտը: Այս գործը փաստաբանները հիմնազուրկ և ծիծաղելի են որակում:




























