«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բացահայտել բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի, եկամուտների և պարտավորությունների իրական պատկերը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն է, որը պաշտոնը զբաղեցնում է 2025 թվականի հունվարի 15-ից։
Տարիներ շարունակ պետական տարբեր կառույցներում ղեկավար պաշտոններ զբաղեցրած պաշտոնյայի հայտարարագրերը ցույց են տալիս մի պատկեր, որտեղ գույքային կազմը գրեթե չի փոխվում, սակայն դրամական միջոցների և վարկային պարտավորությունների դինամիկան հարցեր է առաջացնում։
2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Սիրականյանի հիմնական ունեցվածքը շարունակում է մնալ 2019 թվականին գնված Երևանի Ավան վարչական շրջանի բնակարանը և 2021 թվականին ձեռք բերված 2013 թվականի արտադրության Hyundai ավտոմեքենան։ Նոր անշարժ գույք, ներդրում, բաժնեմաս, արժեթուղթ կամ թանկարժեք ակտիվ վերջին տարիներին պաշտոնյան չի հայտարարագրել։
Սակայն ֆինանսական հոսքերի մասով պատկերը զգալիորեն փոխվել է։ Եթե 2025 թվականի սկզբին նրա բանկային հաշվին եղել է ընդամենը 13 դրամ, ապա տարվա ավարտին մնացորդն արդեն հասել է 600 հազար դրամի։ Կանխիկ միջոցներն էլ աճել են ավելի քան կրկնակի՝ 650 հազար դրամից հասնելով 1,5 միլիոն դրամի։
Նախարարի տեղակալի տարեկան եկամուտը կազմել է շուրջ 19,7 միլիոն դրամ, որից ավելի քան 18,4 միլիոն դրամը ստացել է որպես աշխատավարձ Էկոնոմիկայի նախարարությունից, իսկ շուրջ 1,2 միլիոն դրամը՝ որպես այլ եկամուտ Ֆինանսների նախարարությունից։
Միևնույն ժամանակ հայտարարագրերը վկայում են, որ պաշտոնյան շարունակում է մնալ զգալի վարկային բեռի տակ։ 2025 թվականի ավարտի դրությամբ նա ունեցել է երկու գործող վարկ՝ ավելի քան 2,6 միլիոն և 1,5 միլիոն դրամ մնացորդներով, ինչպես նաև 10,2 միլիոն դրամի փոխառություն և նույն չափի հիփոթեքային պարտավորություն, որը կապված է բնակարանի հետ։
Արդյունքում՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Լիլյա Սիրականյանի ընդհանուր վարկային և փոխառությունների պարտավորությունները կազմել են ավելի քան 14,4 միլիոն դրամ։
Հետաքրքիր է, որ նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու պահին՝ 2025 թվականի հունվարի 15-ին, նրա բանկային հաշիվները դատարկ են եղել, առկա է եղել միայն 650 հազար դրամ կանխիկ գումար, սակայն վարկային բեռը արդեն գերազանցել է 13 միլիոն դրամը։
Դեռ ավելի վաղ՝ 2022 թվականին, երբ Սիրականյանը հեռանում էր Պետական վերահսկողական ծառայությունից, նա հայտարարագրել էր 4 միլիոն դրամ կանխիկ միջոց, սակայն բանկային հաշիվներում գումար չէր ունեցել։ Այդ ժամանակ նրա հիմնական պարտավորությունը 11,4 միլիոն դրամի հիփոթեքային վարկն էր։
2021 թվականի հայտարարագիրը ևս հետաքրքիր մանրամասներ է բացահայտում։ Այդ տարի պաշտոնյան վաճառել է իր 2004 թվականի Mercedes-Benz-ը՝ 1,48 միլիոն դրամով, իսկ մի քանի շաբաթ անց 3,8 միլիոն դրամով ձեռք բերել ներկայիս Hyundai ավտոմեքենան։ Նույն թվականին նա ստացել է ավելի քան 16,6 միլիոն դրամ եկամուտ, որի զգալի մասը՝ ավելի քան 8 միլիոն դրամը, կազմել է բանկային վարկը։
Այսպիսով, Լիլյա Սիրականյանի հայտարարագրերը ցույց են տալիս բավականին կայուն գույքային պատկեր՝ մեկ բնակարան և մեկ ավտոմեքենա, սակայն նաև արձանագրում են շարունակական վարկային կախվածություն։ Պաշտոնյայի դրամական միջոցները տարիների ընթացքում փոփոխվել են, սակայն միլիոնավոր դրամների պարտավորությունները շարունակում են մնալ նրա ֆինանսական իրականության անբաժանելի մասը։
Մինչ պետական համակարգում պաշտոնեական առաջխաղացումները շարունակվել են, հայտարարագրերից երևում է, որ Սիրականյանի ֆինանսական բեռը ոչ միայն չի անհետացել, այլ որոշ ժամանակահատվածներում նույնիսկ աճել է՝ պահպանելով ավելի քան 14 միլիոն դրամի պարտքային շեմը։
Սոնա Գրիգորյան




























