Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ծառուկյանը նստելու է». Փաշինյանի խոսքից մեկ ամիս անց պետական մեքենան միացավ․1000-ավոր աշխատակիցներ անգործ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյանը նստելու է». Փաշինյանի խոսքից մեկ ամիս անց պետական մեքենան միացավ․ 1000-ից ավելի աշխատակիցներ անգործ են

Հունիսի 8-ին՝ ընտրություններից անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանը քաղաքական ամենակոշտ հայտարարություններից մեկն արեց՝ հրապարակավ հայտարարելով. «Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա»։

Ընդամենը մեկ ամիս անց այդ հայտարարությունը գործնական զարգացումներ ստացավ։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ միաժամանակ ակտիվացվեցին մի քանի քրեական վարույթներ, որոնք վերաբերում են 2022-2024 թվականներին նախաձեռնված գործերին։ Քննիչները խուզարկություններ իրականացրին Ծառուկյանի առանձնատանը, Պետական եկամուտների կոմիտեն մտավ նրան պատկանող կամ նրա անվան հետ կապվող բազմաթիվ ընկերություններ, իսկ պետական տարբեր կառույցներ սկսեցին ստուգումներ իրականացնել նրա գործունեության գրեթե բոլոր ուղղություններով։

Ստեղծված իրավիճակում քաղաքական ամենամեծ հարցը ոչ թե այն է, թե ինչ հոդվածներով է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը, այլ՝ ինչու տարիներ շարունակ ընթացող վարույթները հենց հիմա դարձան ամբողջ պետական ապարատի միաժամանակյա գործողությունների հիմք։ Այս ամենի հետևանքներն արդեն զգում են ոչ միայն Գագիկ Ծառուկյանը կամ նրա քաղաքական թիմը։ Նրա հետ կապվող բիզնեսների բնականոն աշխատանքը փաստացի խաթարվել է, բազմաթիվ օբյեկտներում աշխատանքները կանգ են առել, իսկ, ըստ նրա թիմի, 1000-ից ավելի աշխատակիցներ հարկադիր պարապուրդի մեջ են։

Սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տարիներ շարունակ խոստացել է տնտեսական հեղափոխություն, ներդրումների աճ և բարենպաստ բիզնես միջավայր։ Այս միջավայրում ո՞վ պետք է նոր ներդրումներ անի։

Քրեական գործերի շարքում ուշագրավ է նաև վերջին դրվագը՝ ապօրինի որսի վերաբերյալ։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 190 կենդանիների և թռչունների խրտվիլակներ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր։ Ըստ Քննչական կոմիտեի՝ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս, իսկ կենդանիները ճանաչվել են իրեղեն ապացույց։ Միաժամանակ հայտարարվել է, որ առանձնատանը պահվող մյուս կենդանիները ևս նախատեսվում է առգրավել։

Սակայն պաշտպանության կողմը ներկայացնում է բոլորովին այլ պատկեր։ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով՝ առանձնատանը պահվող բոլոր կենդանիներն ունեցել են օրենքով նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու թույլտվությունները, պահվել են համապատասխան պայմաններում և մասնագետների հսկողությամբ։ Նրա խոսքով՝ օրենքով թույլատրված պայմաններում որսը չի արգելվում, իսկ Գագիկ Ծառուկյանի բոլոր գործողությունները կատարվել են իրավական դաշտում։

Տոնոյանը հիշեցրել է նաև, որ տարիներ առաջ, երբ Գագիկ Ծառուկյանը առյուծ էր նվիրել Երևանի կենդանաբանական այգուն, այն խանդավառությամբ ընդունվել էր քաղաքային իշխանությունների կողմից։ Ավելին՝ նույն պետական մարմիններն ամիսներ շարունակ իրականացրել են բոլոր անհրաժեշտ թույլտվությունների և փաստաթղթերի ձևակերպումը։

Առանձնահատուկ քննարկման առարկա է դարձել նաև այն, որ քննիչները որպես իրեղեն ապացույց առգրավել են նաև կենդանիների խրտվիլակները։ Թե ինչ կապ ունեն տարիներ շարունակ պահված որսորդական խրտվիլակները փողերի լվացման, հարկերից խուսափելու կամ անգամ ապօրինի որսի մեղադրանքների հետ, իրավաբանները ծիծաղելի են համարում։ Խրտվիլակներ կան, որոնց որսի համար պետությունը պարգև է տալիս։ Օրինակ՝ գայլի որսի համար։

Այս պատմությունն արդեն վաղուց դուրս է եկել մեկ քրեական գործի շրջանակներից։ Այն դարձել է նաև քաղաքական վստահության փորձաքար։ Երբ երկրի ղեկավարը հրապարակայնորեն հայտարարում է, որ կոնկրետ անձը «նստելու է», իսկ դրանից կարճ ժամանակ անց նրա նկատմամբ միաժամանակ հին քրեական վարույթների վրայից փոշիները մաքրվում են, և հարկային ստուգումներն ու պետական վերահսկողության գրեթե բոլոր գործիքներն աշխատում են մեկ մարդու դեմ, նրանց նպատակն է՝ Ծառուկյանին ունեզրկել, արգելել զբաղվել քաղաքականությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս